168.am-ը գրում է․

Նայում ես Փաշինյան-Բադասյան հանդիպման ձայնագրությունը, և տպավորություն է ստեղծվում, թե կարծես երկրի համար կարևոր պաշտոնները զբաղեցնող այս երկու անձինք միմյանց հանդիպել են շատ տևական դադարից հետո ու միմյանց գործից անտեղյակ լինելով՝ փորձում են կոնստրուկտիվ քննարկման իմիտացիա ստեղծել:

Առնվազն այդպիսի տպավորություն ստեղծվեց, երբ նախարար Բադասյանը, անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում Կառավարության նախաձեռնությամբ իրականացված փոփոխություններին, սկսեց մանրամասն ներկայացնել և բացատրել դրանք վարչապետ Փաշինյանին: Ստացվում է, որ վարչապետը տեղյակ չէ Կառավարության կողմից նախաձեռնված և կառավարության նիստում իր իսկ կողմից քվեարկված, իսկ մինչ այդ՝ լայն քննարկումներ անցած և իշխանությունների կողմից՝ որպես առաջնահերթություն, հռչակված դատական բարեփոխումներին:

Էլ չենք ասում, որ Կառավարության տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո նոր միայն, եթե, իհարկե, դա կարելի էր «զեկույց ներկայացնել» անվանել, քանի որ բոլորս դեռ երկար կհիշենք Ազգային ժողովի պատերի ներսում տիրող թեժ մթնոլորտը, վարչապետը նկատում է, որ տարեկան զեկույցի մեջ բավարար չափով չեն լուսաբանել Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչն էլ առիթ է հանդիսացել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ նման ձևաչափով քննարկում անցկացնելու: Ի դեպ, վարչապետի կողմից Կառավարության տարեկան զեկույցի նկատմամբ մատների արանքով նմանատիպ վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է ոլորտի մասնագետների այն պնդումը, համաձայն որի՝ Ազգային ժողովին՝ որպես Կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, պետք է ներկայացվեին առավել մանրամասն և նախատեսված ծրագրերի իրականացումը գնահատելու հնարավորություն տվող տվյալներ:

Տրամաբանորեն, եթե դատական ոլորտի բարեփոխումների ներկայացմանը հատկացվում է առանձին քննարկում, ինքնըստինքյան ակնկալում ես լսել լուրջ, հիմնավորված դիսկուրս և, իհարկե, կատարված աշխատանքների ամփոփում: Արդյունքում՝ դատական համակարգի բարեփոխումների համատեքստում քննարկումն ընթացավ վեթինգի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայի շուրջ, իսկ հիմնավորված դիսկուրսի փոխարեն՝ հնչեցին թերի, որոշ դեպքերում՝ սուտ ու մանիպուլյատիվ դիտարկումներ, երբեմն էլ՝ հատվածներ Փաշինյանի մղձավանջային երազներից, բայց այս մասին՝ առանձին:

Փաշինյան-Բադասյան քննարկման արդյունքում շրջանառության մեջ դրվեց «վատ» դատավորներ եզրույթը, որոնցից, բնականաբար, պետք է ազատվել, իսկ համակարգը լավ դատավորներով համալրելու համար, պարզվում է, մի շարք լուծումներից զատ, պետք է ապահովել աշխատավարձի բարձրացումով՝ 2020թ.-ին՝ 50%-ով, 2021թ.` 60%-ով, իսկ 2022թ.` 70%-ով:  Այժմ առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար: Եթե ուժի մեջ մտնի աշխատավարձի բարձրացումը, ապա 2020թ․-ին աշխատավարձը կկազմի արդեն 991 հազար դրամ, 2021թ․-ին՝ 1 մլն 57 հազար, 2022թ․-ին ՝ 1 մլն 123 հազար դրամ: Բադասյանը գուցեև ճիշտ է՝ կարծելով, որ այսպես դատավորի հաստիքն ավելի գրավիչ է դառնում, սակայն իրականում դատական համակարգը նոր կադրերով համալրելու իշխանությունների որդեգրած արդեն իսկ ձախողված քաղաքականությունը հիմնովի կտապալվի, եթե իշխանությունները վեթինգի, կարգապահական վարույթի կամ այլ միջոցներով դատական համակարգը համատարած փոխելու գործընթաց սկսեն: Փաստացի կունենանք մի իրավիճակ, երբ նախկին դատավորների թափուր հաստիքները չեն համալրվի նորերով, և դատական համակարգի աշխատանքները կաթվածահար կլինեն:

Քննարկման հաջորդ ուշագրավ կետն այն է, որ պարզվում է՝ նախարար Բադասյանի պատկերացումներով վեթինգ կարող է իրականացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ինչպես նախարարն ինքն ասաց՝ այդ գործընթացը բավականին ռիսկային է իրավական տեսանկյունից և ժամանակատար, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են գնալ նաև այդ ճանապարհով: Մի խոսքով, եթե պետք է՝ կարվի. любой каприз за ваши деньги՝ այս դեպքում՝ պարգևավճարի դիմաց: Իսկ վարչապետ Փաշինյանն էլ, առիթը բաց չթողնելով, մոտակա 4-5 տարվա համար իրեն արդարացում ապահովեց՝ նշելով, որ ՀՀ-ում վեթինգ իրականացնելու պարագայում հենց այդքան ժամանակահատված անհրաժեշտ կլինի դատական համակարգի բարեփոխումների արդյունքին հասնելու համար: Եվ առավել ևս անհասկանալի է վեթինգի ձգտելու իշխանությունների մոլուցքը, եթե առ այսօր չի հնչել որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու գործող Սահմանադրության պայմաններում, որը, ի դեպ, արժանացել է միջազգային կառույցների և այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատանքին, հնարավոր չէ ապահովել անկախ դատական համակարգի առկայությունը.  ինչպես ասում են՝ մուրճն էլ է Ձեր ձեռքը, մեխն էլ, դատախազությունն էլ, քննչական համակարգն էլ, կարգապահական վարույթի գործընթացն էլ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայի շուրջ ծավալված Փաշինյան-Բադասյան զրույցից էլ տպավորություն է ստեղծվում, թե վերջիններիս հավանաբար հասել են որոշ տեղեկություններ այն մասին, որ ներդրողներն արդեն իսկ զգուշավոր են դարձել այս օրենքի պատճառով, և Փաշինյանն ու Բադասյանն այժմ փորձում են համոզել միամիտ ժողովրդին, թե օրենքը գործելու է միայն խիստ որոշակի ծանր հանցակազմերի դեպքում, օրինակ՝ փողերի լվացման: Բայց ամեն դեպքում օդում մնում է կախված մի հարց՝ ի՞նչը կարող է խանգարել նրանց նման հանցակազմով չհարուցել որևէ մի շինծու քրեական գործ: Գուցեև ժողովրդի մի ստվար մաս դեռ հավատում է Փաշինյանի քաղաքականության բարի նպատակներին, բայց ներդրողները՝ ոչ, նրանք այդքան էլ միամիտ չեն և քաջ գիտակցում են, թե ինչպես կարող են հարուցվել նմանատիպ գործերը: Մեկ այլ հարց, եթե ամեն ինչ այդպես արդար է, ապա ինչո՞ւ գույքի ծագման օրինականության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվելու է միայն 2010 թվականից: Իսկ ո՞ւր մնաց իրենց կողմից այդքան շահարկվող՝ մինչ այդ տեղի ունեցած թալանը: Իհարկե, այդտեղ էլ հնչեցին կցկտուր բացատրությունններ, թե ավելի վաղ տարիներին շատ ապացույցներ պահպանված չլինելու հանգամանքի արդյունքում՝ անձի համար դժվար կլինի ապացուցել իր գույքի օրինականությունը, սակայն սա կրկին նախատեսված կարգարվորումների իրական իմաստի աղավաղում է։ Ինչպես Բադասյանն ինքն ասաց՝ նման գործերի հարուցում հնարավոր կլինի միայն բացառիկ դեպքերում։

Եվ մենք մոտեցանք մղձավանջային երազներին: Էլ ի՞նչ դատական համակարգի բարեփոխումների մասին քննարկում, եթե այնտեղ մասնակցում է վարչապետ Փաշինյանը, և չեն հնչում Սահմանադրական դատարանի մասին անտեղի հիշատակումներ: Ոչ ոքի համար նորություն չէ այլևս, որ Սահմանադրական դատարանը Փաշինյանի համար, ինչպես ռուսները կասեին՝ как ком в горле. կանգնել է կոկորդին և հանգիստ չի տալիս՝ ստիպելով ամեն առիթն օգտագործել ՍԴ-ի մասին հերթական անպատեհ ու իրեն հատուկ պոպուլիստական հայտարարությունը հրապարակ նետելու համար: Այս անգամ վարչապետը դժգոհեց, որ այդ ամբարտավան Սահմանադրական դատարանը ձգձգում և հնարավորինս արագ չի քննարկում ԵԱՏՄ մաքսային արտոնությունների համաձայնագիրը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ ժողովրդի համար կարևոր փոփոխությունները չեն կայանում Սահմանադրական դատարանի պատճառով, և նպատակ ունենալով արդարացնել ու կարևորել հանրաքվեի, ինչպես նաև՝ սահմանադրական փոփոխությունների իրականացումը:

Բայց, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ ստի ոտքը կարճ է, Սահմանադրական դատարանի պատասխանն էլ իրեն սպասեցնել չտվեց: Պարզվում է՝ վարչապետ Փաշինյանի մատնանշած համաձայնագրերը ստորագրվել են նախորդ տարվա՝ 2019թ․-ի դեկտեմբերի 20-ին, սակայն դրանք կառավարությունը Սահմանադրական դատարան է ուղարկել միայն ս. թ. ապրիլի 13-ին՝ շուրջ 4 ամիս անց։ Այսինքն՝ դիմումի մուտքագրման պահից ՍԴ որոշումը կայացվել է 29 օրում՝ սահմանված առավելագույն ժամկետից շուրջ երկու ամիս վաղ։ Ավելին՝ 12․05․2020թ․ Սահմանադրական դատարանը կայացրել է համապատասխան որոշում և մեկ-երկու ժամ անց այն արդեն իսկ ուղարկել կառավարություն։ Նշված գործերով երբեք հետաձգումներ կամ, ինչպես վարչապետն է ասել՝ ձգձգումներ չեն եղել։ Ավելին՝ նշված ժամկետում գործի քննությունը ՍԴ պրակտիկայում ամենասեղմ ժամկետներից է, չնայած, որ գործի հրատապ քննության իրականացման պարտականություն ՍԴ-ն չունի: Թերևս, սա էլ կավելացնենք «կորոնավիրուսային դատարան, որը ժամանակ է շահում կորոնավիրուսի շնորհիվ» և բազմաթիվ այլ սուտ հայտարարությունների ցանկին ու կսպասենք ՍԴ-ի մասնակցությամբ Փաշինյանի մղձավանջային երազի հաջորդ էպիզոդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել