Pastinfo.am-ը գրում է․

Ակնկալում եմ, որ միջնորդությունները պետք է բավարարվեն և պարոն Քոչարյանն այսօր կլինի ազատության մեջ կամ կվերադառնա շարունակելու բուժումը, բայց արդեն ոչ որպես կալանավոր։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։

«Ըստ էության և՛ Սահմանադրությունը, և՛ ՄԻԵԿ-ն, և՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ելնում են ազատության կանխավարկածից, այսինքն՝ մարդը պետք է լինի ազատության մեջ, քանի դեռ չկան հիմքեր անազատության մեջ պահելու համար»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ այս պահին առկա է գրավի միջնորդություն, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակ և անձնական երաշխավորության միջնորդություն։

Ըստ Օրբելյանի՝ եթե նույնիսկ դատարանը գտնում է, որ առկա է խոչընդոտման ռիսկ, բոլոր այդ գործիքներն ունակ են կառավարելու այն։

Փաստաբանն ընդգծեց, որ նախկինում ներկայացված՝ կալանքը վերացնելու, ապա՝ գրավի միջնորդությունները, դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրել էր, որ թաքնվելու ռիսկ չկա, կա խոչընդոտման ռիսկ, բայց նվազել է։

«Գրավի միջնորդությունը մերժվել է միայն տեխնիկական հանգամանքով, որ օրենսդրությունը չի նախատեսում, որ, եթե խոչընդոտելու ռիսկը կանխարգելելու համար կիրառվել է գրավ, անձը փորձի խոչընդոտել, այդ գումարները կարող են պետականացվել՝ դրանով իսկ զսպելով ապօրինի ենթադրյալ գործողությունը»,- նշեց պաշտպանը, ապա հավելեց. «ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխություն, որը նախատեսեց նման դեպքերում գումարը պետականացնելու հնարավորություն»։

Նրա խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նախորդ որոշման մեջ միայն այդ հանգամանքն է, այդ հանգամանքը վերացել է։ Բացի այդ՝ առկա է նաև անձնական երաշխավորություն։

«Երկրի երեք նախկին վարչապետները և ԱՀ նախկին վարչապետը տվեցին անձնական երաշխավորություն, որով հաստատեցին, որ իրենք ճանաչում են Ռոբերտ Քոչարյանին, իրենք երաշխավորում են, որ դատարանի կանչով կներկայանա դատարան, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել