168.am-ը գրում է․

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, հետաձգեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցով առաջին դատական նիստը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է  ներկայացրել:

«Պատճառն այն է, որ հասարակական հնչեղությամբ  գործ է, և հանրության լայն շրջանակների հետաքրքրությունն այստեղ առկա է, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ հնարավոր չէր դռնբաց դատական նիստ իրականացնել, բացի այդ,  հենց նույն կորոնավիրուսով պայմանավորված, հաշվի առնելով դատական նիստի մասնակիցների առողջության պաշտպանության անհրաժեշտությունը, միջնորդել ենք նիստը հետաձգել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ միջնորդությունն ուղարկել է էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային ստորագրությամբ՝ օգտվելով ԲԴԽ տրամադրած հնարավորությունից:

Չնայած երկրում հաստատված արտակարգ դրությանը, դատական նիստը բաց էր լրատվամիջոցների համար: Հայցվորի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը դատական նիստին ներկա չէր:

Դատավորը ներկայացրեց  հայցվոր կողմի միջնորդությունը, որից հետո պատասխանող՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատարանին միջնորդեց չքննարկել միջնորդությունը, քանի որ իրեն պատշաճ չեն ծանուցել դատական նիստը  հետաձգելու մասին և իրեն էլեկտրոնային եղանակով չեն ուղարկել այդ միջնորդության օրինակը:

Սակայն դատավոր Գայանե Խաչատրյանը, մեջբերելով Սահմանադրության 25-րդ հոդվածը՝ քաղաքացու առողջության իրավունքի մասին, արձանագրեց, որ պատասխանողի ներկայացուցիչն իրավացի հարց է բարձրացնում, բայց, ելնելով կորոնավիրուսի իրավիճակից, գործի արդյունավետ քննելու և հայցվոր կողմի նիստին ներկա չգտնվելու հանգամանքներից, հայտարարեց, որ նիստը հետաձգվում է:

Հիշեցնենք, որ ներկայացված դատական հայցով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցի հիմքը 2020 թվականի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում ասուլիսի ժամանակ արած հայտարարությունն է, թե Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից իրեն է առաջարկել իր ծառայությունները:

«Ասեմ ավելին՝ 2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով,  Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- ասել  էր Նիկոլ Փաշինյանը:

Դրանից հետո ՍԴ նախագահը հայտնել էր, որ 20 օր սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող «որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց», ինչը չանելու դեպքում կխնդրի փաստաբաններին զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել:

Ապացույցը, կամ, ինչպես նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «անհամաչափ ուժեղ հակահարվածը», Հրայր Թովմասյանի գրիչն էր, որի լուսանկարը Ն. Փաշինյանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում ու գրել, որ գրիչն իրեն Հրայր Թովմասյանը տվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, երբ վարչապետը չէր գտել իր գրիչն, ու գրիչի անհրաժեշտություն է եղել: Գրառման համաձայն՝ Փաշինյանը որոշել է գրիչը պահել՝ որպես իր տեսած «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»:

Այս հայտարարությունից հետո Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել