Tert.am-ը գրում է.

Բազմաթիվ հիմնավոր կասկածներ և փաստարկներ կան, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի այս մեխանիզմները կարող է ծառայել որպես քաղաքական գործիք, քաղաքական հաշվերհարդարների և օրվա իշխանությունների քաղաքական, ներխմբային նպատակներին ծառայեցնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը որպես նպատակ, ընդհանուր առմամբ, արդարացված է, որպես պետության կողմից իրականացվող քաղաքականություն պահանջված է և դրական է։ Օրենքը նաև ունի կոռուպցիայի կանխարգելման նշանակություն և հիմքում արդար սկզբունք է դրված, սակայն մեխանիզմների գործադրման իմաստով բազմաթիվ մտահոգություններ կան։

«Որևէ զարգացած երկիր այս կամ այն ձևով այդ լուծումները գտել է և իրենց հասարակություններում իրացրել։ Ինչ վերաբերում է մեխանիզմներին, բազմիցս են արտահայտվել շատ առարկայական մտահոգություններ այս մեխանիզմների գործադրման իմաստով։ Նպատակը շատ գեղեցիկ կարող է լինել, և բազմաթիվ են այդպիսի օրինակներ, բայց դրան հասնելու մեխանիզմները համարժեք չլինեն նպատակին և ունենան այլ նպատակներ, որոնք հետագայում գերակայեն, հետևանքը լինի այն, որ չիրացված արդարացված նպատակի կողքին մենք ունենանք նաև որոշակի այլ ձախողումներ և առաջացած խնդիրներ»,- նշեց նա։

Տնտեսագետը նկատեց, որ նախօրեին ՀՀ նախագահի կողմից օրենքի ստորագրմանը զուգահեռ տարածված հաղորդագրությում նշված էին մտահոգությունները, որոնք վերաբերում են օրենքի կիրարկմանը։

«Մեխանիզմն ինքնին համապարփակ չէ, և լայն հայեցողություններ կան, որոնք կարող են իրականացնողին թույլ տալ օրենքի նպատակից չբխող բոլորովին այլ նպատակներ կյանքի կոչել։ Այս ֆոնին, բնականաբար, հիմնական նպատակը, որը դրված էր՝ արդարության վերականգնում, կոռուպցիայի կանխարգելում և այլն, կարող է ստվերվել և իրապես չիրականացվել։ Սա մեծ, խորը մտահոգություն է, որը կարծում եմ, հասկանալի է ոչ միայն հանրության մասնագիտական շրջանակներին, այլև լայն հանրությանը և բնականաբար նաև տնտեսական որոշումներ կայացնողներին, այսինքն՝ ներդրողներին»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել