Pastinfo.am-ը գրում է․

Մայիսի 10-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել ուկրաինական «ՆԱՇ» հեռուստաալիքին, որում հանգամանորեն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության հեռանկարներին, ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին և մի շարք այլ հարցերի:

«Հայաստանը պատրաստ է զարգացնել երկխոսությունն Ուկրաինայի հետ: Ուկրաինայի հետ առկա է բարեկամության և աշխատանքի մեծ փորձ, հարաբերությունների լայն օրակարգ: Փաստ է, որ մեր ժողովուրդները լավ են ճանաչում միմյանց և, որ մենք միմյանց օտար չենք: Ուկրաինայում հայ համայնքը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները յուրահատուկ կամուրջ են հանդիսանում Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման առումով:

Տնտեսական հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք: Կան հարցեր, որոնց շուրջ մենք համագործակցում ենք և կարող ենք զարգացնել այդ օրակարգը: Մենք կարող ենք համագործակցություն զարգացնել, օրինակ, այլընտրանքային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կան շատ լավ օրինակներ, որոնք արդեն իսկ ուրվագծվում են: Ստեղծագործական ուսուցման կենտրոն հանդիսացող  հայկական հայտնի ապրանքանիշ TUMO-ի կենտրոնները գործում են ոչ միայն Հայաստանում, այլ վերջերս բացվել է նաև Փարիզում, Բեռլինում ևս նախատեսվում է բացում, կբացվի նաև Կիևում: Երկու երկրներում էլ իրականացվում են նմանատիպ ժողովրդավարական բարեփոխումներ, տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր պետություններն Արևելյան գործընկերության մաս են կազմում և այստեղ նույնպես կան շփման բազմաթիվ եզրեր:

Ամենակարևորն այն է, որ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում հասարակությունը հիմնված է նույն եվրոպական արժեհամակարգի վրա: Այսինքն, մենք ունենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ:

Համավարակից և Ուկրաինայում Նախարարների կաբինետի փոփոխությունից առաջ մենք սկսեցինք ակտիվորեն աշխատել տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերագործարկման ուղղությամբ, որի վերջին նիստը կայացել էր 2013 թ: Ի դեպ, այդ թվականին էլ տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև վերջին պաշտոնական շփումը: Չնայած համավարակին՝ առկա է փոխըմբռնում և  փոխադարձ կամք, որ անհրաժեշտ է վերագործակել այդ հանձնաժողովի աշխատանքները:


Եվս մեկ ուղղություն, որը ես կցանկանայի նշել, խորհրդարանական դիվանագիտությունն է: Այս առումով, Ուկրաինայի Գերագույն Ռադայում կա Հայաստանի հետ բարեկամության խումբ: Ռադայի մասշտաբով այն այնքան էլ մեծ չէ, սակայն վստահ եմ՝ խմբում կլինեն քանակական և որակական փոփոխություններ: Հայաստանի Ազգային ժողովի Ուկրաինայի հետ բարեկամության խմբում ներկայացված են մեր խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունները: Հայ պատգամավորներն արդեն իսկ այցելել են Կիև, որտեղ հանգամանալից և արդյունավետ հանդիպում են ունեցել ուկրաինացի գործընկերների հետ: Նախատեսված էր նաև ուկրաինացի պատգամավորների այցը Հայաստան, բայց կրկին պատճառը համավարակն էր»:

«Շատերն են հարցադրում անում, թե ինչու է ցեղասպանության կանխարգելման հարցը հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Սա ինքնանպատակ չէ, միայն իմ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պատմական արդարության վերականգնում չէ։ Հայոց ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայ ժողովրդին, այն ապագա ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից է: Եվ մենք` որպես 20-րդ դարում առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, պետություն, առաջնահերթ դեր ենք խաղում այդպիսի հանցագործությունների միջազգային կանխարգելման գործում»: 

«2015 թ.-ին Հայաստանը և Ուկրաինայի համահեղինակեցին «Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» սահմանելու մասին ՄԱԿ բանաձևը: Նույն ժամանակահատվածում հայ և ուկրաինացի դիվանագետները շատ արդյունավետ աշխատեցին ցեղասպանության օրակարգի շուրջ միջազգային այլ կազմակերպություններում, մասնավորապես` Վիեննայում, ԵԱՀԿ-ում: Այս հարցում մեր համագործակցության փաստը վկայում է, որ այս առնչությամբ մենք հետագա համագործակցության հսկայական ռեսուրս ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել