Tert.am-ը գրում է.

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ ճիշտ չէ մտածել, որ սփյուռքի բոլոր պատասխանատուները համաձայն են ՀՀ կառավարության գործունեության հետ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի տարածած հրապարակմանը, որով լրատվամիջոցը մեջբերում էր «Nouvelles d՛Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի հոդվածը և  «Նոր հառաջի» առցանց համարում հրատարակված «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բաց նամակը և վերնագրում, որ  սփյուռքահայ գործիչները հորդորում են Նիկոլ Փաշինյանին շարունակել բարեփոխումները:

«Սփյուռքը բազմազան է, և այդ տարբերություններն են կազմում մեր հարստությունը: Պետք է հարգել տեսակետների տարբերությունը: Ժողովրդավարության հիմքն են բանավեճն ու կարծիքների բազմազանությունը»,- ասաց նա՝ կրկին շեշտելով, որ ըստ այդմ՝ ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ:

Նա հավելեց, որ Ֆրանսիայում իրենց հաջողվեց ոչ այդքան հեշտությամբ միասնականություն ստեղծել: «Ամեն ինչ պետք է անենք և անում ենք, որ համայնքը չտկարանա»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք նաև պատրաստ են իրենց մասնակցությունը բերել Հայաստանում շիկացած մթնոլորտի մեղմացմանը: «Վարչապետի և իշխանության  հետ ժողովուրդը մեծ հույսեր կապեց, և հիմա նրանք ունեն մեծ պատասխանատվություն իրականացնելու այդ սպասումները և երկիրը   առաջնորդելու դեպի ուժեղ ապագա»,- ասաց նա:

Նրա մատնանշեց՝ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ուստի այստեղ պարտավոր են ներքին միասնականություն ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել