Armlur.am-ը գրում է․

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Սոնա Ղազարյանն և Արհուսյակ Ջուլհակյանը հեղինակել են  «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը և ներկայացրել խորհրդարանին։

Նրանք առաջարկում են մի քանի փոփոխություններ անել ավտոտրանսպորտային միջոցների կայանման հետ կապված։ Այժմ ՀՀ  ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նրանք նպատակ ունեն սահմանել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ։  Նախագիծը նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում  է բացառություն այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նաեւ հնարավորություն է ընձեռում համայնքապետարանին Երեւանում կայանատեղիի դրույքաչափերը սահմանել ըստ վարչական շրջանների, այդ թվում` նաեւ գոտիավորման սկզբունքով:

Օրինակ նախագծի երրորդ հոդվածում ասվում է․ «Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնք, համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (ամրակցված է),` ապա համապատասխան պետական կամ համայնքային կազմակերպությունը:»:

Իսկ հոդված 17-ն էլ շարադրվել է այսպես․ «Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն արգելվում է եւ ենթակա է հատուկ տարածք տեղափոխման:»

Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքով էլ սահմանվում է․ «Ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Նաիրա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել