Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ավիաշքերթ է անցկացվելու Ռուսաստանի տասնյակ քաղաքներում։ Ամենամեծ տոնական ավիաշոուն մեկնարկում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անմար կրակի մոտ ծաղիկ է խոնարհել զոհերի հիշատակին, շնորհավորական ուղերձով հանդես եկել: 

«Այս օրը մեր պատմական հաղթանակն է, մեր հպարտությունը: Խոնարհվում ենք հաղթողների մեծ սերնդի առաջ»,- ասել է նա:

Այնուհետև ՌԴ նախագահը 1 րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը, որից հետո հնչել է ՌԴ օրհներգը:

ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովի խոսքով՝ միջոցառման իրականացմանը ներգրավված է 75 օդանավերի (հոբելյանական տարիների թվով) անձնակազմ։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում ավիաշքերթներին կմասնակցի 597 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Նշվում է, որ ավիատեխնիկայի տոնական ցուցադրությունը Մոսկվայում անձնակազմի մի մասի համար կավարտվի Պոկլոննայա լեռան վրայով թռիչքով: Ավիաշքերթ կանցկացվի Վոլոգդայում, Տուլայում, Տվերում, Սամարայում և Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում և այլ քաղաքներում։

Այս շաբաթվա սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթի փորձը։ Չնայած ամպամած եղանակին՝ Մոսկվայի երկնքում ավիաշքերթի փորձեր են իրականացրել ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։

Հաղորդվում է, որ այս տարի ավիաշքերթին մասնակցում են հինգերորդ սերնդի Սու-57 և ՄիԳ-31Կ կործանիչներ։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը և «Անմահ գնդի» երթը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չեղարկվել են և տեղի կունենան հիվանդության հետ կապված իրավիճակի կայունացումից հետո։

Սակայն չեն չեղարկվել Հաղթանակի օրվա առթիվ ավիաթռիչքներն ու տոնական հրավառությունները։

«Մայիսի 9-ին ավիացիոն տեխնիկան՝ ժամանակակից մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, շքերթով կանցնեն Ռուսաստանի երկնքով՝ մեծարելով հերոսներին: Երեկոյան քաղաքի կենտրոնում տեղի կունենա ավանդական հրավառությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Տեսանյութը՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել