Hraparak.am-ը գրում է․

Հայաստանյան իրականության մեջ օջախը սուրբ բան է՝ կնոջը, երեխաներին քննարկել, վիրավորել չի կարելի։ Տղամարդիկ դա շատ ծանր են տանում, եւ անգամ ամենակիրթ ու ինտելիգենտ տեսակները կարող են մոռանալ բարեկրթության ու հարցերը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու մասին եւ մտնեն գողական «ռազբիրատների» մեջ, եթե դիպել են իրենց կնոջն ու երեխաներին։ Նունիսկ եթե քաղաքականության մեջ խրված, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց ընտանիքների մասին է խոսքը, նրանք էլ են անմիջապես մոռանում թափանցիկության, հաշվետվողականության մասին։ Իսկ թափանցիկությունը ենթադրում է, որ բարձր պաշտոնյայի կնոջ, երեխաների ծախսերը, վարքուբարքը, պահվածքը նույնպես լինեն հասարակական հսկողության ներքո։

Ասենք, օրինակ, Փաշինյանների ընտանիքը պարբերաբար բողոքում է, որ մամուլն անդրադառնում է իրենց, գրում է Աննա Հակոբյանի հիմնադրամների, դրամահավաքների, վոյաժների, պետության հաշվին վարսավիր ու թիկնապահ հետը տանելու մասին։ Նեղվում են, որ Ֆեյսբուքն ու լրատվամիջոցները վերատպում եւ քննարկման թեմա են դարձնում Մարիամ Փաշինյանի ստատուսները, գրում են Նիկոլ Փաշինյանի զավակներին տրամադրված փոխադրամիջոցների, թիկնազորի մասին, անդրադառնում են Աշոտ Փաշինյանի ծառայությանը եւ դրա ընթացքում պատահող միջադեպերին։ Շատ մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ Աննա Հակոբյանը գաղտնի ուղեկցել է ամուսնուն՝ փորձելով չերեւալ պաշտոնական այցին մասնակցող լրագրողների աչքին։ Փաշինյաններն անցան հակահարձակման՝ աշխարհի մեղադրանքները տեղալով լրագրողների հասցեին, որոնք համարձակվել են գրել դրա մասին, եւ բացատրեցին, որ ինքնաթիռում տեղ կար՝ թռել է, ձեր ի՞նչ գործն է։

Այս բոլոր թեմաները լուսաբանելու համար լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, ընդդիմությանն ու նախկին իշխանություններին գործող իշխանությունները մեղադրում են «ընտանիք մտնելու», «ընտանիք չհարգելու» մեջ։ Եվ իրենց մերձ անձանց, ֆեյքերի ու տարբեր ԶԼՄ-ների բերանով անընդհատ կոչեր են հնչեցնում՝ մի մտեք ընտանիք, հանգիստ թողեք երեխաներին, ինչ գործ ունեք ընտանիքի ու կնոջ հետ, մի մտեք անձնական կյանք, մի փորփրեք եւ այլն։ Հասկացնում են, որ «ընտանիքը սրբություն է», եւ այնտեղ մտնելն անբարոյականություն է։
Բայց կոչեր անող այս անձինք, չգիտես ինչու, լռում էին, երբ Հրայր Թովմասյանի երիտասարդ դուստրերին եւ հիվանդ, տարեց հորն այս իշխանությունը տեռորի էր ենթարկում՝ կանչում Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, միայն այն բանի համար, որ Թովմասյանը դիմում չի գրում-հեռանում, պաշտոնը չի ազատում իշխանական հերթական թերուսի համար։
Այս անձինք ու լրատվամիջոցները լռում են, երբ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կանայք՝ նրա կինը եւ հարսը՝ Գուրգեն Խաչատրյանի կինը, հրավիրվում են ԱԱԾ՝ հարցաքննության։ Եվ երբ կանայք գրավոր դիմել են՝ ասելով, որ օրենքն իրենց թույլատրում է մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալ, իսկ մանկահասակ երեխաներ ունեցող կինը խնդրել է այդ հիմքով հարգելի համարել իր չներկայանալը, ԱԱԾ-ից կրկին ծանուցում է ստացել՝ ներկայանալու։

Այսինքն, երբ խոսքը վերաբերում է ձեր ընտանիքներին, դրանք սուրբ են, եւ նրանց մասին ամենատարրական հրապարակումներ անել չի կարելի, իսկ երբ վերաբերում է ուրիշների ընտանիքներին, դուք կարող եք մանկահասակ աղջիկներին ու կանանց տեռորի ենթարկել, «կագեբե» կանչել։ Ընտանիք «չմտնելու» կոչերը, փաստորեն, ձեզ չեն վերաբերում։ Մինչդեռ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ ընտանիքի անդամների՝ գոնե կանանց ու աղջիկների նկատմամբ նման վերաբերմունքի փաստեր գրեթե չեն եղել։ Ամենադաժան ռեպրեսիաների ժամանակ անգամ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք կանանց ու երեխաների հանդեպ այսպես չէին վարվում։ Ինչ-որ սահման կար, որն անցնելն անթույլատրելի էր։
ՀԳ․ Բոլոր նրանք, ովքեր կառարկեն՝ ասելով, որ այս ամենն արվում է «բյուջեից թալանածը հետ բերելու համար», ընդամենը հիշեցնենք, որ 2 տարվա ընթացքում բյուջե գրեթե ոչինչ չի վերադարձվել՝ Արմեն Ավետիսյանի նվիրած հանգստյան տունը չհաշված, որը չի էլ վաճառվում։ Մնացած գումարները՝ եթե անգամ վերադարձվել են, ապա հայտնի չէ, թե ուր են գնացել, եւ եթե վերադարձվել են, ապա այդ անձինք՝ առանց դատուդատաստանի, ուղղակի հոժար կամքով «մուծվել» են իշխանություններին։ Եվս մի հիշեցում՝ 2 տարվա ընթացքում ոչ մի քրեական գործ ավարտին չի հասել, ոչ մի գործով ուժի մեջ մտած դատավճիռ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել