Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մի քանի միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նրա փոխանցմամբ՝ վաղվա դատական նիստին կքննվեն խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, որոնք ընդհանուր թվով 3-ն են։ Դրանք են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին գրավի կիրառում, կամ անձնական երաշխավորություն։

Փաստաբանի խոսքով՝ ներկայացված միջնորդությունները, ըստ ամենայնի, կքննարկվեն համատեղ, քանի որ նույն հարցին են վերաբերում։ Դատավորի բացակայության պատճառների վերաբերյալ հարցերը կքննարկվեն հետագա դատական նիստերին, քանի որ պաշտպանական կողմը նախ առաջնային է համարում խափանման միջոցի հարցը։

«Կարծում եմ՝ վաղվա դատական նիստին չենք հասցնի դա քննարկել, առաջնահերթ է խափանման միջոցի հարցի քննարկումն է։ Արդեն հաջորդ դատական նիստով նաև այդ հարցը պետք է քննարկենք»,- նշեց Խուդոյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ եթե հաստատվի, որ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառը եղել է քթի վիրահատությունը, ապա պետք է բարձրացվի կարգապահական վարույթի հարցը, տրվի իրավական գնահատական, սակայն փաստաբանը նշեց, որ դեռևս չեն շտապում իրավական գնահատականի հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակին, Խուդոյանը նշեց, որ տեղեկություն չունի, վերջին մեկ շաբաթվա ընթացքում չի հանդիպել։
Հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կներկայանա դատական նիստին, փաստաբանը նշեց, որ խոչընդոտ չկա, նա ցանկանում է մասնակցել, ֆիզիկապես ի վիճակի է մասնակցել, սակայն այսօր ևս պետք է լրացուցիչ ճշտել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին ներկայացվել է դեռեւս մարտի 16-ին, սակայն առ այսօր այն չի քննարկվել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, թեեւ փաստաբանները նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը, որի ընթացքում պետպատվերի շրջանակներում քթի վիրահատություն է արել։
Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո էլ՝ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ դատավորը հիմա էլ հերթական արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։

Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին , որը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Բացի այդ՝ մոտ մեկ ամիս առաջ փաստաբանները նաև գրավի միջնորդություն են ներկայացրել։ Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ գրավի չափ չեն նշել։ Ինչ վերաբերում է անձնական երաշխավորություն ներկայացնող նախկին վարչապետերին, Խուդոյանն ասաց, որ իր տեղեկատվության համաձայն՝ նրանք ևս ներկա կգտնվեն դատական նիստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել