Ոմանց հայտնի, իսկ ոմանց` ոչ, Լիլիթ Բեքերյան անունը վերջերս շատ են ասոցացնում սյուրռեալիզմի հետ՝ շնորհիվ կոլաժների, որոնք արդեն մի քանի տարի է՝ Լիլիթի կյանքի անբաժան մասն են դարձել:

Blognews.am-ը զրուցել է Լիլիթի հետ նրա գործունեության մասին, ինչպես նաև ցավոտ թեմաներից՝ պլագիատից, որը, ցավոք սրտի, վերջերս հաճախ է սկսել հանդիպել արվեստագետների շրջանում:

«Լիլիթ Բեքարյանն եմ՝ գյումրեցի ու ռենդերֆորեսթցի։

Իմ աշխատանքները ոմանց համար ոչինչ են, ոմանց համար՝ արվեստի գործեր, մինչդեռ ինձ համար սիրելի զբաղմունք են, ազատ ստեղծագործելու ու կանոններին չենթարկվելու միջոց։ Մասնագիտությամբ արվեստի ոլորտից չեմ, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ունեմ մտքեր, որոնք պետք է ինչ-որ կերպ իրականացնեմ։ Կոլաժները թվային են, բոլորը կրում են բարի ու դրական, երբեմն նաև զվարճալի երանգ։ Բոլորի համար առանցքային է մի գաղափարախոսություն, այն է՝ հայիֆիկացում: Թեև ես ինքս ամենասովորական ու հասարակ կյանքն եմ ապրում, կոլաժներում իմ իրականությունն այլ է։ Խառնված է ամեն ինչ՝ դեմքերը, դեպքերը, գույները, կանոնները սպոնտան են, մշակումները՝ թերի, բայց արդյունքում ամեն ինչ կատարյալ ներդաշնակության մեջ է։ Դե, հողն էլ իր երաժշտությամբ ընդգծում ու ավելի ամբողջական է դարձնում սյուրռեալիզմն ու հայիֆիկացումը»:

Վերջերս Ինստագրամում հայտնվել էր մի երիտասարդի էջ, ով անվերապահորեն կրկնօրինակում էր Լիլիթի աշխատանքները: Արվեստի մարդիկ գիտեն, թե որքան ցավալի է, երբ քո միտքը, որում այդքան հոգի և սեր ես դրել, գողանում են: Այժմ կարծես Լիլիթն է դարձել «ոգեշնչման աղբյուր», իսկ այն հարցին, թե որտեղի՞ց է նա ոգեշնչվում իր կոլաժները ստեղծելիս, Լիլիթը պատասխանեց. «Առաջին քայլերս անելիս ոգեշնչման աղբյուրը երաժշտությունն էր, որի մասին քիչ առաջ նշեցի, և որը կանխորոշիչ դարձավ գաղափարախոսության որդեգրման հարցում։ Հետագայում, երբ սկսեցի փոքր-ինչ ուսումնասիրել ոլորտը, ինչպես ցանկացած արտիստ, ինքս ինձ համար «գուրու» ընտրեցի ու դարձրի ոգեշնչման աղբյուր։ Հիմա երբ հաստատել եմ ձեռագիրս ու հստակ գիտեմ՝ ինչ եմ անում, ոգեշնչման աղբյուր կարող են դառնալ հոգեվիճակս, տրամադրությունս, հասարակ լուսանկարը, արվեստի գործը ու էլի շատ բաներ։

Յուրաքանչյուր ոք, ով երբևէ կյանքում ստեղծել, զրոյից արարել է մի բան ու, հետևաբար, հանդիսացել է հեղինակ, գիտի, թե ինչքան ցավալի երևույթ է գրագողությունը։ Հեղինակի ու իր աշխատանքերի միջև եղած կապը ծնող-երեխա հարաբերության նման ուժեղ է։ Ուրեմն գողանալ միտքը՝ կնշանակի գողանալ հեղինակից մի մասնիկ, որի ենթագիտակցական մակարդակներում նրա հոգեվիճակն ու լիցքերն են թաքնված:

Ցավոք, Հայաստանում գրագողությունը բավականին տարածված է, և մենք բոլորս ուղղակի հարմարվել ենք։ Ինքս բազմիցս առնչվել եմ երևույթի հետ, սակայն, լինելով խաղաղասեր մարդ, միշտ լռել եմ, իմ մեջ նեղվել, հիասթափվել, հետո մոռացել ու անցել առաջ։ Եթե իրոք կարողացել եմ ոգեշնչել շատերին ստեղծագործել, ուրեմն առավել ազնիվ ու պատվաբեր է ընդունել այդ փաստը և ոչ թե թաքցնել ու գործել մեջքի հետևում։ Սա երևույթ է, որտեղ արդարություն ասվածը երբեք լիարժեք չի վերականգնվում, բայց իմ խորհուրդը բոլոր նրանց, ովքեր ունեն այս խնդիրը, չլռելն ու բարձրաձայնելն է։

Ես չեմ փորձում որևէ մեկին արգելել ստեղծել կոլաժներ, սա ֆորմատ է, որը պետք է զարգացնել մեր երկրում, ներկայացնել նորովի, ստեղծել նոր ճյուղեր, բայց երբեք ու երբեք չկրկնել այն, ինչ արդեն ասված է։ Այդպիսով կկործանեք և՛ ձեզ, և՛ ինձ, և՛ արվեստը»:



Լիլիթը նշեց, որ երիտասարդի հետ փորձել է զրուցել, վերջինս հերքել է և կտրուկ ժխտել Լիլիթից ոգեշնչվելու և կրկնօրինակելու փաստը, իսկ երևույթը որակավորել որպես զուգադիպություն: Սակայն կրկնօրինակումն ակնհայտ էր:

Արդարության համար մենք ստորև կներկայացնենք բազում կրկնօրինակված աշխատանքներից մեկը, որում նույնիսկ աշխատանքի նկարագրությունը նույնն է:

Լիլիթի աշխատանքը`



Կրկնօրինակը`


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել