Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող պետությունների ղեկավարներին հրավիրում է Մինսկ՝ ներկա լինելու մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվա զորահանդեսին, գրում է ria.ru-ն։

«Հրապարակավ Մինսկ եմ հրավիրում պետությունների ղեկավարներին, առնվազն նախկին Միության (Խորհրդային միության) ղեկավարներին»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է Sputnik Belarus-ը։

Լուկաշենկոյի կարծիքով՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ճիշտ կլիներ հավաքվել հենց Բելառուսում։

«Սա հանրապետություն է, որը ջնջվել է երկրի երեսից, որն առաջինն է հարված ստացել։ Սա ամենադաժան հարված ստացած հանրապետությունն է՝ պատերազմի կենդանի հուշարձանը»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ, չնայած կորոնավիրուսային համավարակին, երկիրը չի կարող չեղարկել հաղթանակի 75-ամյակի զորահանդեսը։ Նրա խոսքով՝ հազարավոր մարդիկ ցանկանում են, որ այս միջոցառումը տեղի ունենա:

Վերջին տվյալներով՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 17 489 դեպք, որոնցից 103-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 646 211 դեպք, 252 407-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 200,170 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել