Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ, նախնական տեղեկություններով, 40-ամյա հայրն այսօր առավոտյան 9-րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Նրանք տեղեկություն չունեն մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, որ ամուսիններն ամուսնալուծված են եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։ «Եթե այդպես լիներ, ո՞նց կարող էր ծառայել»,- ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ-ում է ծառայել, եղել է սպա։

Այս պահին հարևանները հավաքված են շենքի բակում։ Նրանք NEWS.am-ի թղթակցին ասացին, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։ Որտեղ է այս պահին ընտանիքի մայրը՝ հարևանները տեղեկություն չունեն։ Նրանք միայն լսել են, որ դեպքի պահին նա տանը քնած է եղել։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 5-ին՝ ժամը 08:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան։

Մանրամասներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել