Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի խմբագրությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից բոլոր աշխատակիցներին, անգամ խոցելի խմբում գտնվողներին, պարտադրում են ներկայանալ աշխատանքի՝ հակառակ պարագայում պարտադրելով աշխատանքից ազատման դիմումներ գրել:

«Սկզբում, երբ բաժանմունքը պետք է հարմարեցնեին կորոնավիրուսով հիվանդների համար, աշխատակիցներից մի քանիսին ասել էին, որ ով ուզում է կարող է իր հաշվին արձակուրդ վերցնի: Որոշներին էլ վճարովի արձակուրդ էին տրամադրել: Իսկ հիմա բաժանմունքի ավագ քույրը գրել է, որ արձակուրդից հետո բոլորը պարտադիր ներկայանան: Ով հրաժարվում է, թող ազատման դիմումներ գրեն: Նաև նշել է, որ աշխատակիցների հաշվին արձակուրդ չեն տրամադրելու»,-ասաց քաղաքացին նշելով, որ ինչու է նման հարցը բաժանմունքի ավագ քույրը որոշում, այլ ոչ տնօրենը և ինչու պետք է աշխատանքից ազատման դիմումները գրեն և սոցցանցի միջոցով ուղարկեն:

Քաղաքացին նշեց, որ աշխատակիցների շրջանում կան նաև խոցելի խմբում գտնվող մարդիկ, որոնք վախենում են աշխատանքի գնալ: Նշենք, որ բազմիցս հայտարարվել է, որ կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես բարձր տարիք և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար և վերջիններիս անընդհատ հորդորել են մնալ տանը, հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար կամ արձակուրդ տրամադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել