Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցացիան, որը պաշտոնապես հիմնադրվել է Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ, և որի գործունեությանը մասնակցում են երկրի առաջադեմ տնտեսվարողները, այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը վերաբերել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և խմբի հիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ուշադրությամբ հետևում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին և հայտնում ենք մեր անհանգստությունն այդ մասով։

«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարևոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝  աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով և ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական կապիտալով միակ տելեկոմ՝ «Յուքոմ» ընկերության կառավարիչն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև հանդիսանում է ԵՄ անդամ երկրների մի շարք խոշոր կորպորացիաների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում համատեղ ներդրումային նախագծերի և գործունեության միջոցով։

Կարևոր ենք համարում, որ, այս գործոններով պայմանավորված, ընկերությունների խմբի և առանցքային դերակատարների ուղղությամբ ցանկացած գործողություն շրջահայաց ու բազմակողմանի դիտարկմամբ, ինչպես նաև բացառապես իրավական հենքով կառուցվի, քանի որ դրա շղթայական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեծ է, և անզգուշությամբ կարող է վնաս կարող հասցվել ՀՀ աշխատաշուկային, տնտեսությանն ու երկրի հեղինակությանը միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից»։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ օտարելու Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և ճնշումներ կիրառելու բիզնեսի հանդեպ։ Ապրիլի 30-ին արդեն խուզարկություններ կատարեցին Խաչատրյանների տանը և գրասենյակում, ինչպես նաև կալանավորման միջնորդություն ներկայացվեց դատարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել