Մենք ամեն ինչ գիտենք թայմ-մենեջմենթի մասին, օրվա համար բազում պլաններ ենք կազմում ու երբեմն ափսոսում, որ օրը 25 ժամ չունի: Մենք տեղավորվում ենք ոչ իրատեսական ժամկետների մեջ, գլուխ հանում մեզ հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող ոլորտներից:

Ծնողները մեզ աշխատամոլներ են անվանում, ընկերները զարմանում են, թե ինչպես ենք մենք այդքանը հասցնում, իսկ վարպետաց դասեր տվողները` պնդում, որ մենք էլ ավելին կարող էինք: Եվ միայն հոգեբաններն են նկատում, որ մենք իրականում կախված ենք անդունդի եզրին, որի անունն է՝ էմոցիոնալ սպառում կամ քայքայում:
Այժմ փորձենք հասկանալ, թե սա ինչ վիճակ է, ու դրանով իսկ նախազգուշացնենք նրանց, ովքեր փորձում են կյանքից վերցնել ամեն ինչ` քեզ շունչ քաշելու իրավունք անգամ չտալով:

Ի՞նչ է էմոցիոնալ սպառվելը:

Սրան անվանում են գերազանցիկների հիվանդություն, թեպետ այս վիճակը ոչ մի կերպ կապված չէ ոչ մարդու ինտելեկտուալ մակարդակի, ոչ էլ՝ դպրոցական առաջադիմության հետ: Այս վիճակում գտնվում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են առավելագույնի հասնել բոլոր ոլորտներում` աշխատանքի մեջ, անձնական կյանքում, անգամ հանգստանալիս:

Այն առաջանում է այն պատճառով, որ այդ տեմպով ապրող ցանկացած մարդու համար հատուկ է սթրեսներ կուտակելը: Մեզնից շատերն այն ամեն օր են ապրում`ճանապարհին խցանման մեջ հայտնվելիս, կարևոր խոսակցության ժամանակ շինարարական աղմուկ լսելիս, նամակ ուղարկելու ժամանակ ինտերնետային կապի կորուստ. թվարկել կարելի է անվերջ:
Երբ սթրեսն արդեն չափազանց շատ է լինում, մեր էներգիան աստիճանաբար սկսում է սպառվել, ինչը վերջում կարող է հանգեցնել ուժեղ դեպրեսիայի և ինչ-որ բանով զբաղվելու ցանկության իսպառ բացակայության: Այդ պատճառով էլ, եթե դուք ձեր մեջ նկատում եք ներքոշարադրյալ փոփոխությունները, ապա ձեզ հնարավորություն տվեք հանգստանալու:

1. Դուք ցինիկ եք դարձել ու մեկուսացել բոլորից:

Մեզնից շատերը ցինիկ են խաղում` դա համարելով խելքի նշան, փորձելով կսմթել ինչ-որ մեկին կամ էլ պարզապես նմանակելով սիրելի կերպարներին: Սակայն կան անառողջ ցինիզմի նշաններ, որոնք հատուկ են հենց էմոցիոնալ սպառված վիճակին:

• Պեսիմիզմ: Հատկապես, եթե դուք վստահ եք, որ հետո միայն ավելի վատ է լինելու, սակայն դուք այլևս ձեր խնդիրների լուծման համար որոշումներ փնտրելու որևէ ցանկություն չունեք:

• Պատասխանատվություն կրելու ցանկության բացակայություն: Այդ վիճակում դուք մատների արանքով եք նայում էլեկտրոնային նամակների քանակին, հեռախոսը դնում եք անձայն ռեժիմի վրա, որպեսզի չլսեք այն մարդկանց, ում ձեզնից կրկին ինչ-որ բան է պետք, և անգամ ուզում եք, որ ձեզ զանգող ու գրող մարդիկ պարզապես մոռանան ձեր գոյության մասին:

• Զզվանք շփման հանդեպ: Այդ վիճակում դուք ոչ միայն չեք ցանկանա ձեր ընկերոջ հետ ճաշելու գնալ, այլև կնյարդայնանաք միայն այն մտքից, որ նա որոշել է ձեզ ինչ-որ տեղ հրավիրել: Նախկինում շփվող մարդիկ էմոցիոնալ սպառվածության ժամանակ ինքնամփոփ են դառնում:

• Հաճույքի բացակայություն: Դուք բոլոր իրավունքներն ունեք այսօր չուզել աշխատանքի գնալ կամ սարսափ զգալ այն մտքից, որ հարյուրերորդ անգամ հարկ կլինի երեխաների հետ նայել «Նինձյա» կրիաների մասին ֆիլմը, սակայն, եթե դադարեք հաճույք ստանալ այն ամենից, ինչով լցված է ձեր կյանքը, և ինչից դուք բոլորովին վերջերս մեծ բավականություն էիք ստանում, իմացեք, դուք էմոցիոնալ մակարդակում սպառվել եք:

Դուք բարոյապես քայքայված եք…

Անգամ, եթե դուք ինքներդ ձեզ չեք ուզում դա խոստովանել, կան մի քանի հստակ հոգեբանական հնարքներ, որոնք ձեզ պետք է զգաստացնեն:

• Անքնություն: Ողջ գիշեր ձեր գլխում պլաններ եք կազմում հաջորդ օրվա համար, մտածում եք հնարավոր և անհնարին խնդիրների մասին, փնտրում եք դրանց լուծման ուղիները, իսկ առավոտյան արդեն սարսափելի հոգնած եք այնքան, որ պարզապես ի վիճակի չեք կատարել այն ամենը, ինչ նախատեսել էիք:

• Մոռացկոտություն: Այժմ բոլոր, անգամ ամենակարևոր բաները, որոնց մասին դուք նախկինում ոչ մի կերպ չէիք կարող մոռանալ, ստիպված եք լինում գրել, որ հիշեք:

• Քրոնիկական հոգնածություն: Նախկինում կարող էիք առավոտյան վազել, կոնտրաստային լոգանք ընդունել, օգտակար նախաճաշ պատրաստել ու մի քանի սրամիտ գրառում կատարել սոցցանցերում, իսկ վերջին ժամանակներս հազիվ եք ուժ գտնում, որ աշխատանքի գնաք: Եթե դա այդպես է, ուրեմն դուք գտնվում եք էմոցիոնալ այրման եզրին:

• Կատաղություն: Այդ վիճակում ձեզ կարող է հունից հանել ցանկացած մանրուք:

Դուք անգամ ֆիզիկական անուժություն ու թուլություն եք զգում:

Էմոցիոնալ սպառվածությունը պատկանում է այն հոգեբանական խնդիրներին, որոնք կարող են ազդել ձեր ֆիզիկական վիճակի վրա: Եթե ձեզ նոտ հայտնաբերեք ստորև բերվող խանգարումները, պետք է դիմել բժշկի, որպեսզի վերջինս հասկանա, թե արդյո՞ք ձեր հոգեբանական վիճակն է հանդիսացել դրա պատճառը: Եվ այսպես, զգուշացեք, եթե`

• Դուք սկսել եք հաճախակի հիվանդանալ
• Դուք հաճախ եք անհանգստանում սրտի զարկերի հաճախախփության պատճառով
• Դուք կորցրել եք ախորժակը

Դուք բավարարության զգացում չեք ունենում ձեր գործողություններից ու ինքներդ ձեզ ոչ պիտանի եք զգում…

Նշանների ևս մեկ խումբ, որն ուղեկցում է էմոցիոնալ սպառված վիճակին: Այդ վիճակում դուք կարող եք զգալ`

• Ապատիա:
Եվ ձեզ կթվա, որ անիմաստ է ինչ-որ բան նախաձեռնել, քանի որ ձեր բոլոր գործողությունները ոչինչ չեն նշանակում և ոչինչ չեն փոխում:

• Լարվածություն:
Փորձելով ամեն ինչ կատարյալ անել, դուք կվերածվեք ձգված լարի, որը ցանկացած պահի պատրաստ է պոկվել:

• Արդյունքի ռեալ բացակայություն:
Այս ցուցանիշը չափվում է թվերով, այլ ոչ անձնական զգացողությամբ: Զգուշանալ պետք է, եթե ձեր աշխատանքի արդյունավետությունն ընկնում է` չնայած դուք գործերին նույնքան ժամանակ եք հատկացնում, որքան նախկինում:

Ինչ անել…

Եթե դուք ձեզ մոտ էմոցիոնալ սպառվածության նշաններ եք նկատում, առաջին բանը, որ պետք է անեք, ինքներդ ձեզ խոստովանելն է, որ դուք ամենակարող չեք, 6 զույգ ձեռք չունեք, որպեսզի ամեն ինչ հասցնեք, և վերջապես, դուք մարդ եք, որը կարող է հոգնել, այլ ոչ՝ դրական մարդուկ, որն իր անսահման էներգիայով լիցքավորում է բոլորին ու ամեն ինչ նոն-ստոպ ռեժիմով: Իսկ հետո`

• Պահպանեք քնի և առույգության ռեժիմ: Կանոնակարգեք սնվելու գործընթացը, ջուր խմեք:

• Աշխատեք ձեր կյանք կարդիոմարզումներ մտցնել:

• Կրկին սթրես ապրելով` փորձեք կատարել շնչառական վարժություններ, օրինակ` 4-7-8 վարժությունը: Դրա համար շնչեք բերանով: Փակեք բերանը և քթով օդ շնչեք՝ մինչև 4-ը հաշվելով: Պահեք շունչը, քանի դեռ մինչև 7-ը չեք հաշվել, իսկ 8-ին հասնելով՝ կրկին բերանով շնչեք:

• Գրանցվեք մերսման: Ապացուցված է, որ այն օգնում է նվազեցնել սթրեսի հորմոնի` կորտիզոլի մակարդակը:

• Ձեր վիճակի մասին խոսեք այն մարդու հետ, ում վստահում եք: Դա կարող է լինել մասնագետ կամ լավ ընկեր:

Եվ հիշեք, որ էմոցիոնալ սպառվածությունն այն վիճակն է, որի դեմ ոչ ոք իմունիտետ չունի: Այդ պատճառով էլ մի մեղադրեք ձեզ, եթե ձեր էներգիան հանկարծ վերջանում է: Սկսեք օգնել ձեզ հնարավորինս շուտ ու այլևս ձեզ մի ստիպեք աշխատել մինչև սպառվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել