ԱԺ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով փաշինյանական իր բազմաթիվ կոլեգաների պես բազմիցս է աչքի ընկել տարատեսակ անգրագետ և անտրամաբանական ելույթներով ու մեկնաբանություններով, անդրադառնալով սպառած գազի և լույսի դիմաց պարտքերի պատճառով դրանց դադարեցմանը, առաջարկեց մարդկանց, օրինակ, եթե հոսանքն անջատված է, և լվացքի մեքենան հնարավոր չէ օգտագործել, լվացքը ձեռքով լվանալ։

Ուղղակի զարմանալի է իշխանության ներկայացուցիչների տրամաբանությունը։ Ըստ նրանց, եթե որևէ ընտանիք փետրվար և մարտ ամիսներին ծախսել է, օրինակ, 60-80 հազար դրամի գազ, ապա նա ապահովված է։ Մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ, օրինակ, գյումրեցի գազի շատ բաժանորդներ ավելի շատ են ծախսում, քանի որ մեզ մոտ այդ ամիսներին շատ ցուրտ է։ Խնդիրն այն է, որ, կապված ֆորսմաժորային իրավիճակի հետ, շատերի եկամուտները կտրուկ կրճատվել են, և այդ նույն «բարեկեցիկ» կյանքով ապրող շատ ընտանիքներ ուղղակի շատ վատ ֆինանսական վիճակում են հայտնվել։

Շատ հեշտ է իշխանության ներկայացուցիչներին, որոնք պետբյուջեի օրինականացված թալանով են զբաղված՝ միլիարդավոր պարգևավճարներ ստանալով, պատկերացնել, թե հասարակության մեծ մասն ինչ աղետալի վիճակում է հայտնվել ոչ միայն աշխատանքը կորցնելու, այլև դրսից տրանսֆերտների կտրուկ նվազման պատճառով ևս։

Իսկ վերջում խորհուրդ կտամ իշխանության ներկայացուցիչներին զերծ մնալ ցինիկ և տգետ մեկնաբանություններից՝ մարդկանց վիրավորելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել