Քանի որ նկատում եմ, որ շատերը չեն գիտակցում Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական թնջուկի նրբությունները, որոշեցի մի քանի մտքով կիսվել:

Տեսեք, ՌԴ ԱԳՆ-ն, խախտելով Ժնևում երկօրյա Չ-բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ բանակցությունների բովանդակությունը պիտի գաղտնի պահվի, սկզբից պնդեց, որ Փաշինյանն արցախյան կարգավորման փուլային տարբերակ է բանակցում, իսկ հետո էլ ավելի կոպիտ կերպով վերահաստատեց այդ փուլային տարբերակի անխուսափելիությունը՝ հայտարարելով, որ հողերը ՊԻՏԻ հանձնվեն Ադրբեջանին:

Դիտարկել այս հայտարարությունը զուտ Փաշինյանի հանդեպ հակակրանքով կամ, ասենք, Քոչարյանի հանդեպ համակրանքով, մեղմ ասած, պրիմիտիվ է: Ռուսաստանը կայսրություն է, խոշորագույն գերտերություն, որտեղ ցանկացած իշխան, ով անգամ մեկ ակնթարթով իրեն թույլ կտա նման էմոցիաներով ուղղորդվել, րոպեներ անց կհեռացվի իշխանությունից բազմաթիվ մրցակիցներից մեկի պատճառով: Նրանք կարող են օգտագործել Փաշինյանին ու Քոչարյանին կամ նույնիսկ, օրինակ, նվաստիս, բայց երբեք չեն համակրի կամ հակակրի:

Այս հայտարարությունը մասամբ միտված էր ՀՀ իշխանություններին կարգի հրավիրելուն, բայց հիմնական թիրախը միանգամայն այլ տեղ էր, ու հենց այդ իրական թիրախի ցավոտ արձագանքի դրսևորումն է Հայաստանում արևմուտքի գործակալների նյարդային հակառուսական հիստերիան: Ռուսները Փաշինյանին նախկինում էլ են բազմիցս ստորացրել, բայց նման արձագանք գործակալական ցանցից չէր եղել: Դա չէր եղել, որովհետև այս դրվագը Փաշինյանի հետ գրեթե կապ չունի և ուղղված է Փաշինյանի տերերի դեմ:

Տեսեք, Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն ունեն երկու իրար հակասող օրակարգ: Մոսկվան ուզում է այնպիսի կարգավորում, որը թույլ կտա պահպանել ազդեցությունը տարածաշրջանում, մինչդեռ Եվրոատլանտյան դաշինքին պետք է ուղիղ հակառակը: Մենք վերջին 26 տարին «յոլա էինք գնում» հենց այս հակադրության վրա շատ զգուշավոր հավասարակշռություն պահպանելով: Ադրբեջանի ղեկավարությունը միշտ պնդել է, որ իր համար էական չէ, թե ով և ինչ միջոցներով թույլ կտա Ալիևներին պահպանել դեմքը, կարևորը պահպանելն էր: Ըստ այդմ, Մոսկվան առաջարկում էր տարածքներ ու դրա դիմաց Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը կչեզոքացնի Եվրոատլանտյան նավթագազային ծրագրերից բխող սպառնալիքները Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Իսկ եվրոատլանտիստներն արդեն հարյուր տարի է, ինչ առաջարկում են ու պարբերական հաջողությամբ իրագործում են նույն պլանը՝ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակությունը, որ երկու ժողովուրդներն էլ իրար դեմ մահակ լինեն ու դրանցից որևիցե մեկը չսպառնա նույն նավթագազային ծրագրերին: Հետևաբար Մոսկվան Ադրբեջանին առաջարկում էր հող, իսկ Եվրոատլանտյան դաշինքը առաջարկում էր այդ հողում ադրբեջանցի բնակեցնել ու ստեղծել կովկասյան կոնֆեդերացիա՝ Վրաստան-Հայաստան-Ադբրեջան, որը Ռուսատանի փոխարեն կենթարկվի Թուրքիային: Սա է «Ավրոատլանտյան անվտանգության նախաձեռնության» օրակարգը, և հենց հանձնարարականը ունի այդ կազմակերպության պաշտոնական անդամ հանդիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հասկանալով որ Հայաստանում իշխանությունը զավթած շրջանակները աստիճանաբար մոտիկանում են հայ-թուրքական մերձեցման հեռանկարին, Ռուսաստանն անում է քայլ ձիով: Նրանք հայտարարում են, որ հողերը պիտի հանձնվեն, և եթե Հայաստանը մերժում է այդ առաջարկը, ապա Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան սկսել պատերազմ: Պատերազմն իր հերթին կփոշիացնի եվրոատլանտիստների ջանքերը՝ բարիշեցնել հայերին թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Ընդ որում, ինչպես և 93-94 թվականներին, այդպես էլ հիմա, եթե Ադրբեջանը «տեղը չբերի»՝ ինչը ինչոց ա, հայկական զինված ուժերը կարող է ևս 20% ազատագրեն, բայց այս անգամ վերջնականապես:

Նենց որ, Լավրովի հայտարարությունը մեզ չէր ուղղված, այլ ուղղված էր առաջին հերթին Ալիևին: Գնդակը հիմա իր դաշտում է: Նա տարիներ շարունակ պնդում էր, որ եթե խաղաղ ճանապարհով իրեն հողերը չտան, ապա նա դրանք կգրավի ուժով: Լավրովը, ըստ էության, ասում է՝ դե գրավի՝ տենամ...

Եթե Ալիևը սկսի մարտական գործողություններ, կա շատ մեծ հավանականություն, որ կկրկնվի 93-94 թվականների սցենարը: Իսկ եթե նա չգնա այդ գործողություններին, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա իր երկի ներսում: Անկախ նրանից, թե ինչ ստորություն կանեն ՀՀ ներկայիս իշխանությունները սեփական ազգային անվտանգության շահերի դեմ, իրավիճակը գրեթե վճռված է:

Հ.Գ. Շուտ եմ ասել՝ Եվլախի ռասկուլաչիտը իմն ա: Մնացածը դուք գիտեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել