Analitik.am-ը գրում է.

Երբ արդեն թվում էր` «Յոքոմ» ՓԲԸ շուրջ իրադարձությունները մարել են, Analitik.am-ի հետ կապ հաստատեցին ընկերության երկու աշխատակից՝ հանդիպման հնարավորություն խնդրելով։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ հեռախոսազրույց ունեցանք նրանցից մեկի հետ։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ այսօր «Յոքոմի» աշխատակիցները ծանր կացության մեջ են հայտնվել։ Նրա հաղորդմամբ, «հները» (խմբ. Հայկ Եսայան) շարունակ ներքաշում են աշխատակիցներին, այսպես կոչված, դավադրությունների մեջ և դրդում տարբեր գործողությունների, իսկ «նորերը» (խմբ. Արա Խաչատրյան) չեն շտապում իրենց քայլերում և աշխատակիցները չգիտեն՝ ինչ սպասել։

Մեր  հեռախոսազրույցի սղագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ընկերության աշխատակիցների ինքնությունը չբացահայտելու և նրանց չվնասելու նպատակով մեր զրուցակիցների հետ տեղի ունեցած որոշ դրվագներ դուրս ենք բերել հոդվածից։

- Ինչ է կատարվում հիմա «Յուքոմում»։

-Գրասենյակներում շատ բան չկա անելու։ Կորոնայի համար բոլորս տանից ենք աշխատում, կամ որոշ դեպքերում տեղում՝ հերթապահությունով։ Չենք հասցնում իրար տեսնել, բայց ամեն օր զանգում ենք իրար, ուզում ենք հասկանալ՝ ինչ պետք է անենք։ Նոր տնօրենը եկել, հանդիպումներ է անում աշխատակիցների հետ, սկսել է ղեկավարներից, բայց մինչև հերթը միջին օղակ հասնի, արդեն անխուսափելի այդ քայլը գոնե ես կատարած կլինեմ, իսկ դա շատ վատ է։

- Ի՞նչ «անխուսափելի» քայլի մասին է խոսքը։

-Ես չեմ ուզում ոչ մեկին բան ասել, բոլորի հետ աշխատել ենք։ Հիմա, եթե չանեմ, ինձ դավաճան են հանում։ Մի կողմում իմ ընկերներն են, ում հետ մենք քանի տարի աշխատել ենք, մյուս կողմում՝ ընտանիքս ու կայունությունը։ Ընդամենը մեկ ամիս առաջ Հայկի մասին ինչ ասես, որ չէին ասում նույն մարդիկ, դժգոհ էին իրենից, անգամ գրասենյակ չէր գալիս օրերով։ Հիմա ով Յուքոմից չի գալիս, դավաճան ու անինքնասեր են հանում։ Ես իմ աշխատանքն եմ անում, իմ պայմանագրի մեջ վեճերի մասին ոչ մի բան չկա։ Սա ընկերությո՞ւն է, թե՞ կուսակցություն։ Հիմա ես չեմ ուզում ոչ էս կողմից լինել, ոչ՝ մյուսից։ Ու ինձ նման շատ մարդիկ կան։ Բայց ներքաշում են անընդհատ, մի օր չեն դադարել այս խոսակցությունները, անգամ ապրիլի 24-ին չհանգստացան, զանգեցին։ Ով էլ որ հանդգնել է հանդիպել նոր տնօրենի հետ, հետևից ասում են՝ հենա գնաց, պաշտոն են բաժանում, մի բան ստացավ։

- Իսկ իրականում «պաշտոն բաժանո՞ւմ են»։  

Գոնե ես ինչքան գիտեմ՝ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Նոր տնօրենն ասել է՝ եկեք աշխատենք, հետո կտեսնենք, բնականոն հունի վերադառնանք։ Իրեն սառն է պահել։

- Իսկ աշխատակիցների կողմից գրած ազատման դիմումները շարունակվո՞ւմ են։  

Ընդհանուր առմամբ՝ նոր տնօրենի նշանակումից հետո դադարել է էդ դիմումների մասը։ Ահագին շատ են մարդիկ, ովքեր նամակ են գրել, որ հետ են ուզում վերցնել։ Մեր բաժնից գոնե դիմում գրածների կեսից ավելին արդեն հետ են վերցրել, մնացածն էլ մտածում են՝ ոնց անեն։ Բայց HR տնօրինությունը (խմբ. մարդկային ռեսուրսների կառավարում) կանչում ա հանդիպման, հասնում ես տեղ, տեսնում ես Հայկն ու Ալիկն են նստած (խմբ. Հայկ և Ալեքսանդր Եսայան): Խոսում են մարդկանց հետ, ասում՝ համեբարատար լինենք, ժամանակի հարց է։ Ասում են՝ թմով լինենք, հաստատ կհաղթենք։Ես չգիտեմ, եթե դեմ առ դեմ հանդիպեմ Հայկին, երևի չկարողանամ մերժել, բայց եթե հանդիպման կանչեն, չգնամ էլ, դավաճան եմ հաստատ։

- Շատե՞րն են գնացել հանդիպման։ Ի՞նչ է քննարկվում այդ հանդիպումներին։

Դե քննարկվում է էդ սպասելը, որ կարևոր պաշտոնները, տեխնիկները ու նեղ մասնագիտական գիտելիքով աշխատակիցները չվերադառնան աշխատանքի, մեկ-երկու ամիս սպասենք, մինչև իրենք նոր ընկերությունը գործի գցեն, մեզ գործի կվերցնեն։ Իսկ էս ընթացքում ասում են համբերատար լինենք։ Ես իհարկե համբերատար կլինեմ, բայց իմ վարկե՞րն էլ են համբերատար լինելու, կամ ընտանիքիս համբերատարությա՞մբ եմ կերակրելու։ Ինչո՞ւ պիտի ես կամ հարյուրավոր այլ աշխատակիցներ նման դիլեմաների առաջ կանգնած լինենք։ Էլ հոգեբանական ճնշումը ո՞նց է լինում. կանչես բերես, ասես վերջնական ասա։ Հանուն ինչի՞, որ ինչ-որ մեկը հերոս դառնա մարդկանց աչքի առա՞ջ։ Ես մեծ հարգանք ունեմ իրա հանդեպ։ Էս նորերին էլ չեմ ճանաչում։ Բայց մեկ է չեմ ուզում մտնել այս թեմաների մեջ, ես ինչ իմանամ՝ իրականում ինչ է եղել։ Խոսում են, որ ֆինանսներ է պակասել, ինչ-որ բան էնպես չեն արել, դրա համար է սեփականատերերի հետ վեճը բռնվել։ Եթե նման հարցեր կան, ինչո՞ւ պիտի ես ներքաշվեմ ու մի հատ էլ դավաճան դառնամ։

- Ի՞նչ եք պատրաստվում անել։

Չգիտեմ, եթե ինձ կանչեն ինչ կանեմ, բայց դժվար է։ Մի կողմից ընկերներ ու թիմով լինել, մյուս կողմից՝ ընտանիքս ու կայունությունը։ Կուզենամ, որ վերջապես մարդկանց հանգիստ թողեն, ու մենք մեր գործով զբաղվենք, առանց այն էլ գործը շատ է հիմա, 24 ժամ բոլորը կապ են ուզում, երեխաների դասերն օնլայն են, ու մենք էս հոգեվիճակով ենք աշխատում։ Քանի կայունացել է ընկերությունը, մենք ուղղակի մեր գործն անենք։

Իրավիճակը պարզաբանելու նպատակով Analitik.am-ը փորձեց կապ հաստատել «Յուքոմի» պաշտոնական ղեկավարության և Եսայան եղբայրների հետ, սակայն ոչ աշխատանքային օրով պայմանավորված չհաջողվեց։ Ակնկալում ենք, որ կողմերը պարզաբանում կտան և հնարավորություն կունենանք հրապարակել նաև երկու կողմերի մեկնաբանությունն այս առթիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել