Հայերը ցեղասպանության ենթարկվեցին, երբ պետություն չունեին։ Պետությունն այն նվազագույնն էր, որ պետք է լիներ ցեղասպանությունը կանխելու համար։ Ազգային պետության առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ցեղասպանության չենթարկվելու համար։ Եթե համապատասխան որակներ չունենան այդ պետությունն ու դրա ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա կլինեն և՛ տարածքային կորուստներ, և՛ ցեղասպանություն։

1988-ին Սումգայիթում և 1990-ին Բաքվում տեղի ունեցած ջարդերից հետո դա կարող էր կրկնվել Ստեփանակերտում, ապա՝ Երևանում։ Բայց մեր պետությունը դիմադրեց ու հաղթեց։

Պետությունն ազգերի ինքնակազմակերպման լավագույն ու բարձրագույն ձևն է։ Եթե ձևին գումարվում են նաև կառավարման որակն ու արժեքային բովանդակությունը, ապա ոչինչ ու ոչ ոք չի կարող հաղթել այդ ազգին, առավել ևս՝ ցեղասպանության ենթարկել նրան։

Ջունգլիների օրենքը գործում է նաև լուսավոր և ինֆորմացիոն համարվող 21-րդ դարում։ Սիրիայում տեղի ունեցողը բոլորիս աչքի առաջ է։

Այնպես որ, ամեն օր պետք է պայքարենք հայկական պետություն և հայ ազգ ունենալու համար։ Ապրելու և զարգանալու իրավունքը պետք է վաստակել։ Այն ոչ մեկը չի նվիրելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել