Երեկվանից համացանցը բուռն քննարկում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ բանակցային սեղանին քննարկվում է Արցախյան կարգավորման փուլային տարբերակը՝ նշելով, որ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի շրջակա մի շարք օկուպացված տարածքների հետ վերադարձն է և տրանսպորտային, տնտեսական և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը...
Այս հայտարարությանը բավական բարդ պատասխան տվեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը...Մնացականյանը երկար-բարակ և բարդ արտահայտություններով փորձեց "չեղարկել" Լավրովի ասածները, որը նրա մոտ չստացվեց...
Նախ, լավ կլինի Հայաստանի իշխանությունները պարզ պատասխաններ տան, թե ընդհանարապես բանակցություններ ընթանում են, թե՝ ոչ... Ի՞նչ է նշանակում հանդիպումներ ենք ունենում և չի բացահայտվում, թե այդ հանդիպումներին, որոնք կարող են տևել 11 ժամ, ինչ են քննարկում կամ խոսում... Իշխանությունները մինչև հիմա հայտարարել են, որ իրենց մատնանշած հանդիպումների ժամանակ որևէ փաստաթուղթ չկա սեղանին, բայց պարզվում է, որ ինչ-որ բան կա, որի մասին առաջին անգամ հայտարարեց Լավրովը...Ու ամենակարևորը, որի մասին իշխանությունները միտումնավոր լռում են՝ հարցի կարգավորման ո՞ր տարբերակի շուրջ են ընթանում "խոսակցությունները այդ հանդիպումների ժամանակ" մեր պաշտոնյաների, Ադրբեջանի ղեկավարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև... Եթե դա փուլային տարբերակն է՝ անընդունելի է... Հակամարտության միակ լուծման տարբերակը՝ փաթեթայինն է՝ "դու ինձ, ես քեզ" սկզբունքով...
Նախկինում ընթացող "Տարածքները՝ կարգավիճակի դիմաց" բանակցությունների բովանդակությունը, ըստ Լավրովի, այլասերել դարձրել են "Տարածքներ՝ ենթակառուցվածքների բացման դիմաց", որը խաբկանք է... Որևէ մեկը չի կարող մեզ երաշխավորել, որ ինչ-որ ժամանակ հետո այդ նույն ենթակառուցվածքները Բաքվի ցանկությամբ կրկին չեն շրջափակվի...
Ի դեպ նշեմ, որ ո՛չ Մնացականյանը երեկ, ոչ էլ Փաշինյանը սույն թվականի փետրվարի 15-ին Ալիևի հետ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ չարձագանքեցին այդ փուլային լուծման տարբերակին...
Մինչ Մնացականյանը Լավրովին հերքելու իմիտացիա է անում, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները լռելով հաստատում են Լավրովի ասածները, իսկ Փաշինյանը ծպտուն չի հանում, բավական ակտիվացել են իշխանամետ իրական և կեղծ օգտատերերը, որոնք ամենամեղմ արտահայտությունը, որ օգտագործում են Լավրովին վիրավորելու համար՝ "Լավրովն ու՞մ շունն է, որ..."
Դե ինչ ասես այս անգրագիտությանը...
Հ.Գ.Իշխանությունները պետք է մեկ կարևոր հարցի պատասխանեն՝ "Բանակցություններն ի՞նչ տարբերակի շուրջ են ընթանում՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային"...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել