Pastinfo.am-ը գրում է․

Նախկինում՝ 2014թ-ին, 2016թ-ին և նաև դրանից առաջ, եղել են փաստաթղթեր, որոնց բովանդակությունը նման է եղել նրան, ինչի մասին խոսում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, 2018թ-ից հետո այդ փաստաթղթերը բանակցային սեղանին չեն, ավելին, այս պահի դրությամբ որևէ փաստաթուղթ, որևէ տարբերակ բանակցային սեղանին չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ բացի հումանիտար ծրագրերից կողմերը քննարկում են, թե ինչպես են հասկանում տարրերը: Բացի այդ, 2018թ-ից մինչ օրս այն անձինք, ովքեր լիազորված են ներկայացնել ՀՀ-ի դիրքորոշումն այս հարցով՝ շատ պարզ ու անկեղծ ներկայացրել են մեր դիրքորոշումները, այն է՝ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության, այն ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, իսկ մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, իսկ անվտանգությունը զիջման ենթակա չէ»,-ասաց Ռուբինյանը:

Հարցին՝ նշանակում է, որ Լավրովի արած հայտարարությունն իրականությանը չի՞ համապատասխանում, Ռուբինյանը պատասխանեց. «Ես ասում եմ իրականությունը եւ ՀՀ արտգործնախարարը երեկ ասել է իրականությունը»։

Դիտարկմանը՝ գուցե հայկական կողմը պարզաբանում պահանջի, թե ինչո՞ւ է ռուսական կողմն անում հայտարարություն, որն, ըստ հայկական կողմի, սուտ է, Ռուբինյանն ասաց. «Նախ հայկական կողմն ասել է այն ինչ ասել է։ Հայկական կողմը ներկայացրել է իրադրությունն ու իր դիրքորոշումները, Ռուսաստանի ԱԳ նախարարն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը։ Ես կարծում եմ՝ եթե կարիք լինի մեր հնարավոր գործողությունները կամ գործողությունների բացակայությունը կամ տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։

Հարցին՝ արդյոք Լավրովի հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես ռուսական կողմից աջակցություն Ադրբեջանին, Ռուբինյանը պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու են հնչում այս կամ այն հայտարարությունները»։

Ռուբինյանն ընդգծեց՝ չի կարծում, որ պետք է մեկնաբանի, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան:

«Ես ասում եմ իրականությունը, հղում եմ անում ՀՀ ԱԳ նախարարին, նա երեկ առավել քան հստակ ու պարզ ներկայացրել է իրավիճակը և ՀՀ դիրքորոշումը»,-ամփոփեով խոսքն ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել