Pastinfo.am-ը գրում է․

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ միաձայն՝ 111 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը ներդրումներ կատարող տնտեսվարողներին հնարավորություն տալ ինքնուրույն որոշել, թե երբ կիրականցնեն ծախսագրումները:

«Սա մոտիվացնելու է, որպեսզի տնտեսվարողները, որոնք նպատակ ունեին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարի, այդ ներդրումն անեն հիմա: Տնտեսությունը էֆեկտը զգալու է հիմա՝ կատարվող ներդրումների արդյունքում: Հեծանիվ չենք հորինել, այս գործիքն աշխարհի մի շարք երկրներում կիրառվել է և շարունակվում է կիրառել»,-այս մասին նիստի ժամանակ ասել էր Թունյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Այն կրկին ընդունվեց միաձայն՝ 109 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցում:

«Գիտենք, որ ամենօրյա հաշվարկի ժամանակ հարկային որոշակի պարտավորություն չիրականացնելու դիմաց վճարվում է հարկային պարտավորության 0,0075 տոկոսը, հիմա առաջարկում ենք դրա գրեթե կրկնակի իջեցում՝ 0,004 տոկոս: Այսինքն` առաջին դեպքում տարեկան կտրվածքով, եթե 27 տոկոսից ավելի էր, ապա հիմա այս թիվն իջեցվում է գրեթե 14,6 տոկոսի»,-նախագիծը ներկայացնելիս ասել էր Մելքումյանը:

Նա հայտնել էր, որ գործող օրենքում նաև կարգավորում կա, որ եթե տնտեսավարողը 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կուտակում, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է արգելանք դնել: Ըստ վիճակագրության, 9813 տնտեսվարող նման արգելանքի տակ է եղել վերջին 2-2,5 տարիների ընթացքում: Նախագծով առաջարկվում է, որ այս շեմը դառնա 1,5 մլն:

Այս հարցերը այսօր քննարկվելու են նաև երկրորդ ընթերցմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել