Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 21:00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի հարևանությամբ՝ «Սաֆի» գեղեցկության սրահի դիմաց, հնչել են կրակոցներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Պարզվել է, որ մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վիրավորը թաղային հեղինակություն է»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել