Մահացել է հայ դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը: Մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուգարյանի որդին՝ Նարեկ Շուգարյանը:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ սիրող հայր և ամուսին, գիտությունների դոկտոր, դեսպան Ռուբեն Շուգարյանն այս առավոտ կյանքից հեռացել է Բոստոնում: Մեկ շաբաթ առաջ նա կաթված էր ստացել»,- գրել է նա:

Ռուբեն Շուգարյանը ծնվել է Մոսկվայում։

1985 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, 1989 թվականին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

1985-1991 թվականներին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում եղել է անգլերենի հրահանգիչ, 1991 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի փորձագետ, 1991 թվականի նոյեմբերից 1992 թվականի հուլիս՝ ՀՀ նախագահի օգնական, 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։

1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

2001-2005 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում:

2008 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել