Pastinfo.am-ը գրում է․

Մամուլին հայտարարված ցանկացած պատերազմ, ի սկզբանե, դատապարտված է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ուզում եմ ակնկալել, որ այն ինչ ասաց նախկին լրագրող- վարչապետը՝ ընդամենը էմոցիոնալ խոսք էր, այլապես եթե այն մտահոգությունները, որ ունեն իմ գործընկեր լրատվամիջոցները առ այն, որ հայտարարությանը կարող են հետևել մամուլի հանդեպ որոշակի գործողություններ, դա ուղղակի կործանարար կլինի: Մամուլին հայտարարված ցանկացած պատերազմ դատապարտված է ի սկզբանե»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ի ուղիղ եթերում Փաշինյանը թիրախավորել էր նաեւ լրատվամիջոցներին՝ հայտարարելով. «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում»։
«Քանի որ երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եմ «Հայկական ժամանակում» կոռեկտ չեմ համարում հիմա շատ հանգամանալից անդրադառնալ այս խնդրին: Նախկին իշխանությունները տարբեր լրատվամիջոցների թիրախավորել էին, տարիներ շարունակ իշխանությունների թիրախում եղել է նաև «Հայկական ժամանակը»: Ընդամենը կարող եմ ասել, որ կիսում եմ Արամ Աբրահամյանի տեսակետը, որ դա էմոցիոնալ պոռթկում էր լրատվամիջոցների հասցեին»,- ավելացրեց պատգամավորն ու ընդգծեց՝ դատապարտված ու ձախողված է ցանկացած իշխանություն, որը կփորձի պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին:
Անդրադառնալով ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանի բառապաշտարին՝ պատգամավորը նկատեց, որ նախկինում վարչապետը շատ ավելի կոշտ բառապաշար է օգտագործել:
«Նայեք ինչ լեքսիկոնով են խոսում բազմաթիվ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ մասին, սա համատարած աղետ է և դոմինոյի էֆֆեկտով փոխանցվել է հանրությանը: Եթե այս ամենը չկասեցվի սա հանգեցնելու է հաշվեհարդարների, վենդետաների և ինչքան էլ «Իմ քայլի» պատգամավորները փորձեն ասել, որ նման բան չկա: Մենք հատել ենք անվտանգության բոլոր հնարավոր կարմիր գծերը, որովհետև ատելությամբ թունավորված հասարակությունն ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է և դա պետք է կանխել»,-ասաց Զոհրաբյանն ու ընդգծեց, որ վարչապետը, պատգամավորները, կառավարության անդամները, յուրաքանչյուրը պետք է տեր լինի իր խոսքին և զգույշ լինենք խոսքեր ասելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել