Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 19-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ բացել են նշված հասցեում գործող գեղեցկության սրահի պատուհանը, այնուհետև մտել ներս, որտեղից էլ բացել են օծանելիքի խանութ-սրահի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի կոսմետիկ միջոցների պայուսակներ, տարբեր տեսակի օծանելիքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Ա. Օհանյանն աշխատում է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար և նա կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս:

Նույն օրը Վանաձորում ևս մեկ գողություն է տեղի ունեցել: Անհայտ անձը կամ անձինք մտել են «Թեժ Լեռ»-ում գտնվող կիսակառույց շինություն և այնտեղից գողացել 2 ցեղական շան ձագեր: Նշված գողության մասին Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի «Թեժ Լեռ» թաղամասի բնակիչ, 66-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:

Նշված 2 դեպքերով տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը «Թեժ Լեռ» հյուրանոցային համալիրի տնօրենն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել