Երբ իշխանություններն ասում էին կորոնավիրուսի համաճարակի մասին, թե «փաստացի պատերազմական իրավիճակում ենք», ամենամեծ խնդիրն այն է, որ հենց իրենք իրենց ասածին չէին հավատում։

Կամ գուցե հավատում էին, բայց պատերազմն իրենց համար զուտ էմոցիոնալ կադրերն են՝ ԱԺ-ում գլուխը ձեռքերին դրած քնած նախարարի լուսանկար, խակի գույնի սվիտերով երկրի ղեկավար և այլն։

Սակայն իրական կյանքում պատերազմը հոլիվուդյան սիրուն կինո չէ, պատերազմը լոգիստիկա է, ռազմավարություն ու մարտավարություն է, մոբիլիզացիա է։

Վերջինից սկսեմ. ոչ մի նորմալ ղեկավար այս օրերին չի ընկնում մանրախնդիր ռազբիրատների հետևից, չի բաժանում իր երկրի քաղաքացիներին «սևերի» ու «սպիտակների»։

Մի հատ նայեք, ասենք՝ Բորիս Ջոնսոնի, Թրյուդոյի կամ Նեթանյահուի ելույթներն այս օրերին։ Ընդ որում, ասենք՝ վերջինի դեմ հենց այս պահին բողոքի ցույցեր են անում։

Բոլորը միասնությունից են խոսում, խնդիրները միասին լուծելուց։ [Ինչքանով են անկեղծ, այլ հարց է, փաստ է, որ ուղերձները դրական են, ազգին միավորող]։

Ռազմավարություն և մարտավարություն. հասկանում եմ, որ շատ դժվար է հիմա կանխատեսել, թե աշխարհում տնտեսական ինչ զարգացումներ կլինեն այս ամենից հետո, ակնհայտ է, որ շատ ծանր է լինելու, նամանավանդ դեպի ծով ելք չունեցող ու պատերազմող (չեք մոռացել, չէ՞, մեր հիմնական պատերազմը) երկրի համար։

Բայց որպեսզի «ծանր»-ը չդառնա «աղետալի» իշխանությունը պետք է արդեն այսօր ռազմավարություն մշակի և աշխատի այդ ռազմավարությունն իրականացնելու վրա։ Հենց այսօր։

Մտավախություն ունեմ, որ Նիկոլին թվում է, թե կարանտինից հետո ավելի թեթև է լինելու, բայց ակնհայտ է, որ իրական դժվարությունները նոր-նոր են սկսվում, ընդ որում ամբողջ աշխարհում։

Լոգիստիկայի մասով... Բանկերի դիմաց հերթեր են, մարդկանց կուտակումներ, փորձում են իրենց խոստացած օգնությունը ստանալ, օրերով լռված են։ Գալիս են օգնություն ստանալու, բայց կարող են օգնության հետ մեկտեղ մի հատ էլ վիրուս տուն բերեն։

Ցանկացած պատերազմ ենթադրում է հազարավոր այսպիսի լոգիստիկ խնդիրների լուծելը։ Քիչ է որոշում կայացնելն ու կառավարության մի հաշվից մյուս հաշվին փող փոխանցելը։ Պետք է աշխատել, որ որոշումներն իրականություն դառնան, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծեն։

Կամ, օրինակ՝ ի՞նչ անել, որ փոքր բիզնեսները չմեռնեն։ Կարելի է թույլ տալ աշխատել, եթե սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են։ Կարելի է պետական ծառայություն ստեղծել (ենթադրենք, ՏԻՄ-երի ենթակայության տակ), որ ինքնարժեքով կախտահանեն խանութները, սանիտարահիգիենիկ աուդիտ կանցկացնեն։ Ուզո՞ւմ ես բիզնեսդ աշխատի, խնդրեմ, շատ ցածր գնով կգան կախտահանեն, ու կարող ես աշխատել։ Չե՞ս ուզում վճարել ինքնարժեքով, ուրեմն խանութդ պետք է փակ մնա։

Այսպիսի հազար ու մի հարցեր կան, որոնցով ոչ ոք չի ցանկանում զբաղվել, օրեցօր նպաստելով այն բանին, որ իրավիճակը «դժվարից» վերածվի «աղետալիի»։

Փոխարենը երկրորդ օրն է՝ Հ1-ի լայվի փուչիկ թեման են տռցնում իշխանական լակոտ-լուկուտներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել