Pastinfo.am-ը գրում է․

Հայաստան տրանսֆերների հոսքի նվազման հետ կապված ամենամեծ խոչընդոտը տնտեսականը չի լինելու, այժմ կա նաև առողջապահական խոչընդոտ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանն ասաց ՕՊԵԿ+-ի շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել, որ նավթի արտահանումը 6 մլն բարելով կրճատվելու է, ինչը հանգեցնելու է նավթի գների բարձրացման: 

Ռուսաստանի տնտեսության վրա դա դրական ազդեցություն կունենա և այն ծրագրերը, որոնցում ներգրավված էին նաև այնտեղ բնակվող հայերը, մի փոքր հապաղումով կարող են վերականգնել իրենց եկամուտները. «Ինչ-որ չափով կվերականգնվի, այսինքն այնպես չէ, որ ամբողջությամբ այդ տրանսֆերները կվերանան: Շատ բան նավթի գնից էր կախված, հիմա մնում է առողջապահականը»,-ասաց տնտեսագետը:

Դիտարկմանը արդյոք առողջապահականն ավելի վտանգավոր խոչընդոտ չէ, քանի որ անկանխատեսելի է իրավիճակը, Գագիկ Վարդանյանը նկատեց վտանգներ կան, բայց կան նաև միջազգային հեղինակավոր հետազոտություններ, որոնց արդյունքում եզրահանգել են այն կարծիքին, որ համավարակի դեմ պայքարի պլանավորման քաղաքականությունը երբեմն ավելի մեծ վնաս է հասցնում, քան բուն համավարակը. «Կարծում եմ Ռուսաստանում աստիճանաբար մեղմվելու է այդ քաղաքականությունը: Տրանսֆերներն ավելի շատ կարող են նվազել Ռուսաստանից, քանի որ սեզոնային աշխատանքը սկսվում է վաղ գարնանից, իսկ այդ ժամանակ անորոշությունները շատ էին և մարդիկ չգիտեին այդ աշխատանքները, որոնց համար մեկնում են, կատարվելու էին, թե ոչ: Հնարավոր է Ռուսաստանից տրանսֆերների նվազումը լինի 30-40, եթե ոչ 50 տոկոսով: Սակայն ԱՄՆ-ից նույնպես տրանսֆերներ լինում են և չեմ կարծում այնտեղ կենսամակարդակն այնքան լինի, որ չկարողանան իրենց բարեկամներին, հարազատներին օգնել: ԱՄՆ կառավարությունը համենայն դեպս համարժեք քայլեր է ձեռնարկել առաջացած սոցիալական խնդիրները լուծելու առումով: Այնպես որ այն երկրները, որտեղ մեծ ներդրումներ կամ ծախսեր են նախատեսվում մեղմելու համավարակի առաջացրած հետևանքները, այնտեղից տրանսֆերները քիչ կնվազեն»,-նշեց Գագիկ Վարդանյանը հավելելով, որ վիճակն ամեն դեպքում այնքան էլ սարսափելի չէ:

Վերջինս ընդգծեց Հայաստան մուտք գործող տրասնֆերներն իհարկե ոչ թե օգտագործվում են խոշոր գնումների, այլ սոցիալական նվազագույն պահանջմունքները բավարարելու համար և այս տեսանկյունից հնարավոր է սպառողական վարքագծի փոփոխություն տեղի ունենա. «Հնարավոր է սպառողների մոտ որոշակի փոփոխություն լինի, ովքեր իրենց վարքագիծը պայմանավորում են այդ տրանսֆերներով: Բայց մյուս կողմից էլ սոցիալական ոլորտի հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերը հնարավոր է ինչ-որ չափ մեղմեն այդ սրացումները, իսկ թե ինչ չափով, կյանքը ցույց կտա»,-ասաց Գագիկ Վարդանյանը:
Անդրադառնալով Հայաստանից արտահոսքերին տնտեսագետն ասաց չի կարծում մեծ ծավալի արտահոսք լինի, քանի որ այժմ համաշխարհային տնտեսությունը վատ վիճակում է և հայտնի չէ` որ երկրից որ երկիր պետք է տանել գումարը, որպեսզի ներդրումներն առավելագույն շահույթ ապահովեն. «Այնպես որ անորոշությունները շատ են»,-եզրափակեց Գագիկ Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել