News.am-ը գրում է․

Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի տարածման հետ կապված սկանդալից հետո իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը:

Խոսակցություններ կան, որ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն`Վարդան Հակոբյանը, կարղ է հրաժարական տալ, ճի՞շտ է արդյոք, որ կատարվածի պատասխանատվությունը նա միայնակ կրի, Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ ուզում այստեղ մեղավորներ գտնել, եթե Վարդան Հակոբյանը գնա, ես ինձ մեղավոր կզգա՞մ` ոչ, իհարկե ոչ»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախօրեին Վարդան Հակոբյանի տարածած հայտարարությունը, որում Հակոբյանն ասում էր, որ ինքն ու Մանե Հակոբյանը ուղիղ եթերի ժամանակ նույն սենյակում են գտնվել եւ ինքը ասել է. «Մենք rec ենք», եւ իր պարտականությունների մեջ չի մտել այդ մասին տեղեկացնել վարչապետին, խոսնակը նշեց, որ չի ուզում ներքաշվել այս շարունակական երկխոսության մեջ:

«Չեմ  ուզում պատասխանեմ, չեմ ուզում ներքաշվեմ այս շարունակական երկխոսության կամ մեղադրանքների մեջ եւ պատասխանել իրենց այն ձեւով, որով իրենք են  պատասխանում, որովհետեւ վստահ եղեք, ասելիքները շատ են, բայց չեմ ուզում»:

Դիտարկմանը, որ Վարդան Հակոբյանը իր հայտարարությունում կարծես կատարվածի համար պատասխանատվությունը դնում է խոսնակի վրա, Մանե Գեւորգյանը պատասխանեց.

 «Տեսնում եմ, տեսնում եմ, դա շատ բնութագրող է իրենց, բայց ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ այս հարցով, չեմ ուզում շարունակություն լինի, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերով խոսեց տեսանյութի տարածման վերաբերյալ, տեսնենք՝ դեպքերը ինչպես կզարգանան»:

Նշենք, որ ապրիլի 18-ին համացանցում տարածվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի ուղերձի ոչ եթերային կադրերը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարություն տարածեց, որ  Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար:

«Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»,– գրել է նա: 

Հանրային հեռուստանընկերությունից էլ հայտարարություն էին տարածել`փոխադարձ մեղադրանք ներկայացնելով վարչապետի աշխատակազմին. «Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին: Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները:

Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել