Tert.am-ը գրում է.

Աժ պատգամավորների՝ վերջին շրջանում պարգևավճարների մասին արված հայտարարությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: «Կուզեի, որ ԱԺ փոխնախագահը հանրությանը բացատրեր, թե  ի՞նչ արդյունավետ աշխատանքի համար են այդքան պարգևատրվել: Կուզեի հարցնել, թե արդյո՞ք, ըստ իրենց, իրենք տասնապատիկ ավելի արդյունավետ են աշխատել, քան ուսուցիչներն ու բժիշկները, դասախոսներն ու հանրային կամ քաղծառայողները, որ պարգևատրվել են նրանց աշխատավարձերի տասնապատիկը, և որ ամենակարևորն է, նրանց մուծած հարկերի հաշվին: Իսկ դուք հարցրել ե՞ք 3 միլիոն վարչապետներին, գոհ ե՞ն արդյոք նրանք Ձեր աշխատանքից, բարելավվել են արդյոք նրանց կյանքի պայմանները»,- ասում է նա:

-ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով «չարքաշ աշխատեն»։ ԱԺ փոխխոսնակի նման հայտարարությունն այս իրավիճակում հանրային տրամադրությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն է գործում:

- ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, արդարացնելով իրենց պարգևավճարները, հայտարարել էր. «Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»: Իսկ հետո, ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին փորձել էր բացատրություն տալ իր այդ խայտառակ խոստովանությանը:

Ըստ նրա, Կառավարության անդամները, երբ ստանձնել են պետական ծառայություն, հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։ Հիմա ի՞նչ, ստացվում է, որ գիտակցաբար հրաժարվել էին իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, որպեսզի իրենց նոր աշխատանքային ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենան, բայց չդիմացա՞ն, պաշտոն ստանալուց անմիջապես հետո հասկացան, որ չեն կարող  մոռանալ ընտանիք, վարկ, խնդիրներ և ամիսներով, տարիներով չարքաշ աշխատել, նվիրյալներ լինել: Հասկացան, որ դա չե՞ն կարող անել ու չպիտի՞ անեն: Բա ասում էի՞ք, թե Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, թե  բոլորը վարչապետ են: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ 3 միլիոն վարչապետերից հենց քայլարած բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացավ և այն էլ կրկնապատիկ, երբեմն եռապատիկ պարգևավճարների տեսքով՝ գումարած հանրապետության մակարդակով առանց այն էլ բարձր աշխատավարձերը:

Կուզեի, որ տիկին փոխնախագահը  հանրությանը բացատրեր, թե ի՞նչ արդյունավետ աշխատանքի համար են այդքան պարգևատրվել: Կուզեի հարցնել, թե արդյո՞ք, ըստ իրենց, իրենք տասնապատիկ ավելի արդյունավետ են աշխատել, քան ուսուցիչներն ու բժիշկները, դասախոսներն ու հանրային կամ քաղծառայողները, որ պարգևատրվել են նրանց աշխատավարձերից տասնապատիկ ավել, և որ ամենակարևորն է, նրանց մուծած հարկերի հաշվին: Իսկ դուք հարցրել ե՞ք 3 միլիոն վարչապետներին, գոհ ե՞ն արդյոք նրանք Ձեր աշխատանքից, բարելավվել են արդյոք նրանց կյանքի պայմանները:

Նրանց պարգևատրության արժանացած աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք պետական ինստիտուտների կազմալուծում, ազգային արժեքների ոտնահարում, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներ, ապրիլյան պատերազմի հերոսների հերոսության արժեզրկում, կորոնավիրրուսային համաճարակի մարտահրավերներին դիմակայելու անկարողություն: Այս ամենի նվիրյալնե՞րն եք դուք, դրա համար ե՞ք ուզում պարգևավճարներ ստանալ: Համոզված եղեք, որ հանրությանը նման հարցերի նվիրյալներ պետք չեն: Համոզված եղեք, որ հանրությունը 2018թ. ապրիլյան հանրությունը չէ, նրա տրամադրություններն էապես փոխվել են և նրա մոտ օր-օրի հասունանում է պահանջատիրության զգացումն արդեն այսօրվա իշխանություններից: 2018թ. ամենամեծ արդյունքը հանրության մեջ պահանջատիրության զգացումի բարձրացումն է և հետկորոնավիրուսային շրջանում դա ավելի նկատելի ու ուժգին է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել