Pastinfo.am-ը գրում է․

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հայտնած հատուկ կարծիքը պատճառ է դարձել նրա նկատմամբ վարույթ հարուցելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հ. Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի ապրիլի 23-ին:

Կարգապահական պատասխանատվության հարցի բարձրացման պատճառ դարձած հատուկ կարծիքը Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա ԲԴԽ-ի 27.02.2020 թ. որոշման կապակցությամբ։

Հանձնախումբը գտել է, որ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները: Հանձնախումբը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 2019 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ ԲԴԽ-ն դադարեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական պատասխանատվության ամենախիստ միջոցը։

Արայիկ Մելքումյանը դիմում էր ներկայացրել ՍԴ, որի արդյունքում հակասահմանադրական է ճանաչվել այն դրույթը, որի հիման վրա դատավորի լիազորությունները դադարեցվել էին եւ Արայիկ Մելքումյանը դիմել է ԲԴԽ-ին՝ դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։

2020 թվականի փետրվարի 27-ին ԲԴԽ-ն որոշեց «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ 14.02.2019 թվականի որոշումը վերանայելու դիմումը բավարարել մասնակի։ Վիճարկվող որոշումը վերացվեց, սակայն Արայիկ Մելքումյանի լիազորությունները ոչ թե վերականգնվեցին, այլեւ ընդգրկվեց դատավորների ռեզերվում։ Իսկ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջը մերժվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել