Pastinfo.am-ը գրում է․

Խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին՝ թե՛ հոգևոր ծառայողները, թե՛աշխարհիկ քաղաքացիներն ունեն խոսքի ազատության ու կարծիք արտահայտելու իրավունք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վեհափառի հայտնած կարծիքին հաջորդած վիրավորական արտահայտություններին։ 

Նա շեշտեց՝ ամենախիստ կերպով դատապարտում է, որ այս հայտարարությունը դարձավ «Հայոց հարցը» և կեղծ ալիքներում պատրաստվեցին Վեհափառի, եկեղեցու դեմ տեսանյութեր:

«Վերջին հաշվով մենք մեր արժեքների, մեր 2000-ամյա եկեղեցու դեմ ենք գնում նման արարքներով: Ես ինքս չեմ կիսում Վեհափառի կարծիքը, բայց եթե անգամ դա արտահայտեմ պետք է անեմ շատ հարգալից: Ամեն ինչ իր ձևը, կարգն ու կանոնն ունի, որովհետև խոսքն Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին է»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը որևէ ձևով չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավի:

«Կոնկրետ արշավ կա ոչ միայն ֆեյքերի, այլև քաղաքական մարդկանց մակարդակով: Վեհափառ հայրապետին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, չի՛ կարելի նման բան անել: Կարող է սիրեն նրան, կարող է չսիրեն, կարող է հարգեն, չհարգեն, բայց Վեհափառ հայրապետն օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վեհափառի հայտնած կարծիքից հետո ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրել էր. «Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:։ Նրա այս գրառմանն արձագանքել ու քննադատել են մի շարք հոգեւորականներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել