Ապրիլի սկզբին հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանի իրավապահները քննարկում են ՌԴ-ի իրենց գործընկերներին հանձնել 2011 թ․-ին Ռուսաստանի Ամուրի շրջանում տեղի ունեցած ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին։ Հիշեցնեմ, որ ռեստորանատեր Միսակ Լազարյանն ազգային հողի վրա ադրբեջանցիների կողմից հրահրված ծեծկռտուքի ժամանակ դիմել էր ինքնապաշտպանության, որի հետևանքով ադրբեջանցիներից մեկը մահացել էր, որից հետո Լազարյանը տեղափոխվել էր Հայաստան և 9 տարի ապրում է այստեղ։

Ինչպես կարգն է, ՌԴ իրավապահները պետք է հետախուզում հայտարարեին, բայց որքան հասկանում եմ, այս տարիների ընթացքում մեծ ջանքեր չեն էլ գործադրել, որ Լազարյանը հայտնվի իրենց մոտ։ Այս իրավիճակը շարունակվեց մինչև 2019 թ․-ը, երբ ՀՀ ԱԱԾ-ն նրան ձերբակալեց, իսկ այս տարվա մարտին նրա մասին հայտնեցին ռուսական կողմին։

Հասկանալի է, չէ՞, որ այս ամենի նախաձեռնողը Երևանն է, այլ ոչ թե ռուսները։ Երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ այն մասին , որ պաշտոնական Երևանը քննարկում է ազերի-թուրքին ինքնապաշտպանության ժամանակ սպանած հային ՌԴ-ին հանձնելու հարցը, բարձրացավ բավականին մեծ աղմուկ, որին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Ի սկզբանե ինձ համար այս ամենը շատ տարօրինակ էր։ Ռուսներն այս 9 տարիների ընթացքում որևէ ջանք չեն գործադրել Լազարյանին արտահանձնելու ուղղությամբ, և վերջինս 9 տարի շատ հանգիստ ապրում էր իր պատմական հայրենիքում։ Զարմանալիորեն հայկական կողմը Հռոմի պապից կաթոլիկ երևաց և այս «մեռած» հարցը ռեինկարնացրեց։ Իսկ հիմա էլ դատախազությունն իրավական երկու հանգամանքների քողի ներքո Միսակ Լազարյանին ազատում է կալանքից։ Զավեշտալի կլիներ, եթե Հայաստանի իշխանություններն այլ որոշում ընդունեին։

Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ էր պետք Միսակ Լազարյանի շուրջ ծավալվող այս ամբողջ կրկեսը։ Այո՛, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում իշխանությունը, հրապարակ բերելով և հանրայնացնելով նույն ռուսների կողմից վաղուց մոռացված Լազարյանի գործը, փորձեց կրկին ինքնագովազդվել՝ այս անգամ որպես ուրիշ երկրում, այս պարագայում՝ Ռուսաստանում, նեղության մեջ ընկած հայի կողքին կանգնած մարդ։

Սա Փաշինյանի և նրա PR-ով զբաղվող մանկամիտների հերթական պրիմիտիվ անտրամաբանական քայլն էր։
Ի դեպ, օտար երկրներում դժվարության մեջ հայտնված հայերի կողքին կանգնող Նիկոլ Փաշինյանը լավ կլինի՝ այս պահին շատ արագ լուծի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մեծ թվով մեր քաղաքացիների դուրս բերման հարցը, որոնք մեկ շաբաթից ավել է՝ չեն կարող վերադառնալ Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել