«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս գիտենք, որ Հայաստանում կա անտառահատություն, որ անտառահատության հաշվին մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, եւ այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք իշխանությունները դեռ ամիսներ առաջ ուսումնասիրել էին, թե քանի մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, եւ ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ սովից չմահանան:

Սրանք հարցեր են, որոնք մնացին սառույցին գրված, սակայն Նիկոլ Փաշինյանը հավանաբար սթափ գիտակցեց, որ անտառահատների հանդեպ ցուցաբերած ոչ բարեխիղճ պահվածքը, այն է` գիշերվա ժամը 3-ին կիսամերկ ծեծի ենթարկելը, կարող է շատ լուրջ ազդել իր վարկանիշի վրա, քանի որ բոլորին է հայտնի, որ առանց «ամենագետ» Փաշինյանի հրամանների, Նոր Հայաստանում ոչինչ չի արվում:

Ինչ խոսք, դեռ ամիսներ առաջ` ամռանը, երբ ոստիկանները որոշ փայտահատների կիսամերկ վիճակում ծեծի ենթարկեցին, թե Փաշինյանի ծննդավայրում, թե հարակից քաղաքներում եւ գյուղերում վերջինիս վարկանիշն էապես անկում ապրեց, ավելին` որոշ մարդիկ սկսեցին վարչապետին ատել` վերջինիս մեղադրելով իրենց երեխաներին օրվա հացից զրկելու համար:

Ահա ամիսներ անց, երբ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանում ի հայտ եկավ նոր կորոնավիրուսը, եւ երկրում դադարեցվեց որոշ տնտեսական գործունեություն իրականացնող կառույցների գործունեությունը` տնտեսական խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, իսկ ահա երթուղայինի վարորդները եւս սովի մատնվեցին, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ վերջնականապես կանգնած է անդունդի եզրին, ու ահա վերջինս որոշեց նոր խաղ խաղալ` իր վարկանիշն ինչ-որ չափով կայուն պահելու եւ սահմանադրկան հանրաքվեն չտապալելու համար:

Մեր հավաստի տեղեկություններով` որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարները ներքին կարգով հրաման են ստացել անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողությունը թույլատրելու եւ փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար:

Իհարկե, այս անհասկանալի եւ փոփոխական հրամանների իմաստը մեկն է` կայուն պահել կեղծիքով եւ ստով ձեռք բերված վարկանիշը մինչեւ սահմանադրական հանրաքվեն, եթե իհարկե այն ընդհանրապես կայանա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 17.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել