«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Դուք դեմ գնացիք ԲՀԿ ֆրակցիայի որոշմանը, չքվեարկեցիք ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի օգտին, որին ֆրակցիան կողմ քվեարկեց, ինչո՞ւ»,- հարցրինք պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ «Ե՛վ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստում ես հայտնել եմ իմ մոտեցումները, կար մասնագիտական գնահատականի եւ ոչ թե թիմից տարբերվելու խնդիր։

Տրամաբանական չէր լինի, որ հանձնաժողովում արտահայտվեի օրինագծին դեմ, հետո կողմ քվեարկեի»: Խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը Ձեզ «խորհուրդ» է տվել կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսանալ եւ չմասնակցել որոշ օրինագծերի ընդունմանը։ «Պարոն Ծառուկյանն ինձ նման հանձնարարություն չի տվել, հորդոր չի եղել, բոլոր նախագծերին ես քվեարկել եմ այնպես, ինչպես որոշվել է խմբակցությունում, բացի այս մեկից»:

Ասել է` Ծառուկյանը թույլ էր տվել։ «Ես հո պարոն Ծառուկյանին ամեն քվեարկությունից առաջ չե՞մ հարցնում` մասնակցե՞մ, թե՞ ոչ, սա խմբակցության եւ ոչ պարոն Ծառուկյանի խնդիրն է»: Չե՞ն պատժի։ «Նման բան մեր կուսակցությունում չկա, կա քննարկում, եւ սա պետք է դիտարկել կուսակցական դեմոկրատիայի դրսեւորման շրջանակներում»:

Ի դեպ, ԲՀԿ-ն ակտիվ չէ նաեւ եկեղեցու նկատմամբ` իշխանությունների գրոհի առումով, Դուք էդտեղ է՞լ եք սպիտակ ագռավ։ «Ես ընդհանրապես ագռավ չեմ, առավել եւս` սպիտակ, մենք բոլորս «սեւերն» ենք` հիշեք, իսկ եթե ավելի լուրջ, ապա այդ կարծիքը չեմ կիսում՝ մեր կուսակցական ղեկավարը եկեղեցաշեն, եկեղեցապաշտ մարդ է, մենք էլ առանձին հարցազրույցներով քննադատում ենք եկեղեցու առաջնորդի դեմ հնչեցված կարծիքները, ընդ որում՝ ոչ թե անձին, այլ կարեւորագույն այդ ինստիտուտը ոտնձգություններից պաշտպանելու տեսանկյունից»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել