Pastinfo.am-ը գրում է․

Գյուղացի կինը, գյուղացի մեր տատիկը տանը հազիվ շարժվում է, փոստատարը բերում տալիս է թոշակը, տատիկը մոմ է առնում, խունկ է առնում, հաց է առնում, ապրում է: Հիմա այդ գումարը փոխանցեցինք քարտի վրա, ո՞նց է բանկոմատից գումար ստանալու, պատկերացնու՞մ եք 90 տարեկան տատիկը բանկոմատի դիմաց կանգնած: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին: Սակայն օրենքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ առանձին կատեգորիայի անձանց համար, հիմնականում սահմանված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամ է,կամ ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ եղանակով:
Բագրատյանն ասաց, որ հաճախ դեպքեր են լինում, երբ թոռները տատիկներին խնդրում են երաշխավոր լինել վարկերին. «Տատիկը ո՞նց կարող է մերժել՝ ստորագրում է, մեկ էլ տեսնում է, որ 30 տոկոս բռնագանձում եկավ: Հիմա որ տատիկի փողը փոխանցեք 30 տոկոսը ԴԱՀԿ-ն կտանի»:
ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ ոչ ոք դեմ չէ, որ թոշակների տրամադրման համակարգը թափանցիկ լինի, սակայն պետք չէ շտապել օրենք ընդունել, որի իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ խնդիրներ կլինեն քաղաքացիների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել