168.am-ը գրում է․

ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում է մշակութային, գիտական, սպորտային հաղորդումների ժամանակ հովանավորների վերաբերյալ համառոտակի տեղեկատվության հրապարակումը հանրային հեռուստաընկերության եթերում, որը չի կարող գերազանցել հաղորդման 2,5 րոպեն:

Նախատեսվում է, որ սոցիալական գովազդը Հանրային հեռուստատեսությամբ ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է հեռարձակվի վճարովի հիմունքներով:

Նաև՝ «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև՝ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից:

Անդրադառնալով օրենքի նախագծերին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը նշեց, որ դրանց վերաբերյալ բավականին երկար քննարկումներ են ծավալվել, հարցը քննարկվել է նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

«Ինքս վիճարկելի և սուբյեկտիվ կարծիք ունեմ, որ մենք, այդուհանդերձ, եկել ենք ընդհանուր եզրահանգման, որ այս մոդելը, որի կիրարկումը հնարավոր կդառնա այս օրենսդրական նախաձեռնությունների ընդունումից հետո, հնարավորություն կտա, որպեսզի հեռուստատեսությանը վերաբերող գովազդային շուկային վերաբերող հատվածը կշարունակի տնօրինվել ոչ թե մեկ տնօրինության կողմից, այլ հնարավորություն կստանա տնօրինվել մի քանիսի կողմից»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ օրենքի ընկալման տեսանկյունից իր որոշ գործընկերների կողմից կա թյուրըմբռնում, ուստի ցանկանում է պարզաբանել, որ օրենքը նպատակ չունի մրցակցային միջավայր ստեղծել հեռուստաընկերությունների միջև, այլ գովազդային շուկայի, հեռուստաալիքներին վերաբերող հատվածի մեկ տնօրենի կողմից չտնօրինելու  նպատակ է հետապնդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել