«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեր արժանահավատ աղբյուրի` երթուղային տաքսիների վարորդների երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան լուրջ մտավախություններ է առաջ բերել իշխանական վերնախավում: Նախ`սպասվող պայթյունի մասին ավելի վաղ տեղեկությունենր կային, սակայն, չնայած այն կանխելու փորձերին, չի ստացվել:

Իսկ ահա ակցիայի ժամանակ վերնախավը հայտնվել է անելանելի վիճակում: Ուժային մեթոդով արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացվող ակցիան «ցրելը» կդառնար հաց պահանջող քաղաքացիների վրա ոստիկանություն հանել, որն աշխարհի մասշտաբով էր խայտառակություն դառնալու:

Անտարբեր ձեւանալով` ակցիան թույլ տալն էլ այլ վտանգ ունի. սա ճանապարհ է բացում, որ բազում այլ բողոքավորներ եւս դիմեն նման քայլի: Սակայն մտածել եւ որոշել են, որ երկրորդ տարբերակը չարյաց փոքրագույնն է: Սակայն անգամ սրանով հարցը չի լուծվել: Վարորդներին հանդարտեցնելու համար նրանց պետք է հատուկ՝ ոլորտային ֆինանսական օգնություն հատկացնել: Բայց այս դեպքում էլ, մյուս ոլորտների սոված մնացած աշխատողները ոտքի կելնեն, թե՝ մենք վարորդներից ինչով ենք պակաս:

Մյուս տարբերակը տրասնպորտի գործունեությունը թույլատրելն է: Բայց այս դեպքում` էլ ի՞նչ արտակարգ դրություն. ամեն ինչ կվերածվի շատ ավելի տեսանելի խեղկատակության: Առավել եւս, որ վերեւներում ունեն այն համոզմունքը, որ մյուս ոլորտները եւս կպահանջեն՝ թույլ տալ աշխատել:

Կարճ ասած՝ երկար-բարակ քննարկել են եւ հասել այն եզրակացության, որ լուծում պարզապես չկա՝ ամեն մի քայլ իշխանության դեմ է աշխատելու: Իսկ լուծում ստիպված են գտնել, քանի որ, ըստ աղբյուրի, վերեւներում ունեն հստակ տեղեկություններ, որ մի շարք այլ ոլորտների սոված մնացած աշխատողներ եւս ծայրահեղ լարված են, եւ այսօր-վաղը նրանք էլ են դուրս գալու բողոքի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք»  թերթի՝ 15.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել