Pastinfo.am-ը գրում է․

Իշխանությունների հռետորաբանությունը հուշում էր, որ ուշ, թե շուտ սկսվելու էր հետապնդումները՝ նաև կարգապահական վարույթների տեսքով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապագական վարույթի հարուցման մասին տեղեկատվությանը:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել դատավորների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունեցող, երկու տարի անընդմեջ լավագույն դատավոր ճանաչված Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ։

Ե. Վարոսյանը նշեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումն իր համար սպասելի էր, թեև այն գնահատեց խիստ ցավալի: Փաստաբանը փաստեց, որ դատավորի նկատմամբ հետապնդումների սա առաջին դեպքը չէ։ Նախկինում եղել է նաեւ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրա լիազորությունները կասեցնելու նախադեպ՝ հիշեցնելով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված հետապնդումը։

«Համոզված եմ, որ Ալեքսանդր Ազարյանի անձն է թիրախում: Ուղիղ է ասվել այդ մասին: Ուղիղ մարդիկ հայտարարում են, գրում են, նկատի ունեմ իշխանություններին և կոնկրետ վարչապտին»,- ասաց Վարոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ կարգապահական վարույթ հարուցել է ոչ թե ՀՀ արդարադատության նախարարը, այլ՝ վարչապետը:

«Մեր երկրում ԱՆ նախարարի պաշտոն զբաղեցնող անձ կա, բայց շատ լավ գիտենք, թե որոշումներն ով է կայացնում և այս որոշումը կայացրել: Եթե հանկարծ ԲԴԽ-ն այս հարուցման հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկի Ալեքսանդր Ազարյանին, մենք կփաստենք ԲԴԽ-ի մահը, որից հետո կսպասենք մի քանի դատավորների վերացմանը, որոնք դեռ դիմադրում են և կան որպես դատավորներ»,- ասաց Վարոսյանը:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել