Հայաստանի կառավարությունը երեկվա խայտառակ և մարդկանց նսեմացնող որոշումից հետո, երբ հայտարարեցին, որ պատրաստվում են մինչև 7500 դրամի միանվագ փոխհատուցում տրամադրել փետրվարին մինչև 10 հազար դրամի գազ և միչև 5000 դրամի էլեկտրաէներգիա սպառողներին, այսօր որոշել է 12-րդ միջոցառման շրջանակում ընդլայնել սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը՝ գազի համար այն բարձրացնելով մինչև 30 հազար դրամ, իսկ լույսի համար՝ մինչև 10 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։

Ենթադրում եմ, որ Փաշինյանը շատ էր ազդվել երեկ իր և իր ղեկավարած կառավարության հասցեին հնչեցված քննադատություններից և միայն դրանից հետո որոշեց ինչ-որ չափով մեղմել հանրության զայրույթը և հասունացող դժգոհությունը։

Ամեն դեպքում սա ևս քիչ է, քանի որ մեր հարևան Վրաստանում, որին ՀՆԱ-ի մրցավազքում ամեն գնով փորձում է անցնել մեր վարչապետը և բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը գումարի խնդիր չունի, որոշել են 3 գարնանային ամիսների համար 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի սպառողներին առանձին-առանձին փոխհատուցել համապատասխանաբար ամեն ամիս մինչև 200 կիլովատտ լույսի և մինչև 200 խորանարդ մետր գազի սպառած կոմունալ ծախսերը, որոնց նաև գումարվում են աղբի և ջրի վարձավճարները։ «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանի տվյալների համաձայն՝ բոլոր կոմունալ զեղչերից օգտվող ընտանիքների օժանդակությունը կկազմի 70 հազար դրամից ավելի գումար։

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մաքսիմալ 12 հազար դրամի միանվագ փոխհատուցում տրամադրել, երբ Վրաստանի իշխանությունների պատրաստած փաթեթը հասնում է մինչև 70 հազար դրամի։

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել