Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու վերաբերյալ արդեն երրորդ օրենքի նախագիծն է ներկայացնում: Նախորդ երկու նախագծերին ԱԺ-ն դեմ քվեարկեց և դրանք չընդրկվեցին նիստերի օրակարգում, այդ իսկ պատճառով հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանն իր զեկույցը սկսեց ասելով. «Կարող եք միանգամից բացասական քվեարկել, էլ չզեկուցեմ, բայց կարգն այդպիսին է, լավ, զեկուցեմ»:

Ներկայացնելով նախագիծը՝ նա ասաց, որ առաջարկվող այս փոփոխությունը պայմանավորված է Ընտանեկան օրենսդրության իրավակարգավորումներով:

«Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է գործունակության հիմքերը, և ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքերում էլ հիմքում գիտական համայնքի հետ քննարկումներն են: Պարզվել է, որ «Ընտանեկան օրենսգրքի» հետ որոշակի անհամապատասխանություն կա, քանի որ դրա 10-րդ հոդվածով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորություն և նշվում է, որ եթե ամուսնացած է անձը, ապա գործունակություն է ձեռք բերում:

«Քաղաքացիական օրենսգրքում» գործունակության վերաբերյալ ընդհանուր և հատուկ կարգ կա, սակայն մի կարգավորում կա, որ բաց է մնացել»,-ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ հատուկ կարգերում նշված չեն այն անչափահասները, ում ամուսնությունը չի գրանցվել, բայց նրանք երեխա են ունեցել:

«Քանի որ ընտանեկան օրենսդրությունը երեխա ունեցող ծնողներին հնարավորություն է տալիս գործարքների մասնակցել և այլն, հակասություն է առաջանում, որ եթե գործունակ չէ անձը, ապա չի կարող գործարքների մասնակցել, ու իրավիճակներ կարող են լինել, որ օրինակ 16 տարեկան ծնողն ունենա երեխա, բայց գրանցված ամուսնության մեջ չլինի և հնարավորություն չունենա երեխայի լավագույն շահից ելնելով գործարքների մասնակցել»,-շեշտեց ԼՀԿ պատգամավորը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը նշեց, որ այս հարցը որևէ բան չի կարգավորում, քանի որ բոլորն էլ ամուսնական տարիքին հասնելու պահից գործունակություն ձեռք են բերում:

«Նույնիսկ եթե անձինք չափահաս լինեն ու ամուսնության մե չգտնվեն, երբ երեխա են ունենում, հոր տվյալները չի նշվում եւ երեխան ստանում է մոր ազգանունը, հոր անունը նշվում է մոր ցուցումով: Այսինքն այդ անուն, ազգանունով մարդ իրականում չի լինելու, որովհետև այլ անձ է երեխայի հայրը եղել փաստացի: Հոր ազգանունը հաստատ այդտեղ նշվածը չի լինելու»,-ասաց Դավթյանն ու ընդգծեց, որ անչափահաս հայրը չի կարող հայրություն ճանաչել:

«Ես զարմացած եմ պարոն Սիմոնյանի վրա, որ այս նախագիծը բերել է այստեղ քննարկման: Ստեղծվել է մի իրավիճակ, որ հեղինակն ակնկալում է տվյալ անչափահասները մինչև 16 տարեկանը պետք է երեխա ունենան, որ երբ իրենց 16-ը լրանա ծնող դառնան: Հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել, կոչ եմ անում դեմ քվեարկել, սա դրական քվեարկելու նախագիծ չի»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը ժպիտով ասաց, որ Դավթյանին լսելով իրենց թվում է թե այլ նախագծին մասին է խոսքը. «Հարգելի գործընկերներ, ընտանեկան օրենսգրքով ամրագրված դրույթը կիրառելու համար քաղաքացիական օրենսգրքում անհրժեշտ է մեկ այլ դրույթի ավելացում: Ոչ ոք չի ակնկալում, որ անչափահասները երեխա ունենա, բայց լինում են դեպքեր, որբ այդպիսի իրականության հետ ենք առերեսվում, ցավոք սրտի, հետևաբար ընտանեկան օրեսգիրքը նման հնարավորություն տալիս է ու ասում, որ եթե հանկարծ 16 տարեկանից առաջ կամ հետո նման դեպք է գրանցվում, 16 տարեկանից հետո անձը պետք է ծնողական իրավունքների իրացման հնարավորություն ունենա: Դա գրված կա, հիմա դա իրանելու համար գործիք է պետք, որ գործունակ դառնա անձը, այդ գործիքն ենք մենք սահմանում: Հոր, մոր ազգանունները որևէ կապ չունեն այս օրենսդրության հետ»:

Այս նախագիծը ևս չընդրկվեց 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում: Դրան դեմ քվեարկեց 66 պատգամավոր և կողմ՝ 24:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել