Pastinfo.am-ը գրում է․

Ալեքսան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ հաշվի չառնելով հանգամանքը, որ Պետրոսյանը գտնվում է կորոնավիրուսի ռիսկային խմբում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով վերացնել Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցը պետք է փոխարինվի անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներով: Բացի այդ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս հիվանդությունը: Այդուհանդերձ՝ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան, որը դատարան մուտք է եղել մարտի 26-ին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ.-ի հունվարի 10-ին բավարարել է Ալեքսան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 30 մլն դրամը։ Այն վճարվել է եւ նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է։ Դատախազությունը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պահանջելով կալանավորել Պետրոսյանին, մինչդեռ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Ալեքսան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքը:

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության վարկածով նա օժանդակել է պաշտոնատար անձի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն: Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։

Ալեքսան Պետրոսյանի մասով քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 2019 թվականի դեկտեմբերի 27-ին այն մուտք է եղել դատարան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել