Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ ապրիլի 12-ին, առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տանից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր գումար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել