Թե՛ Արիստոտելի լոգիկան, թե՛ նրա ժառանգորդների` Մարկոս Ավրելիոսի, Օմար Խայամի, Սպինոզայի ու Շոպենհաուերի դետերմինիստական թեզերը և թե՛ պայմանական ՄՌՏ-ի գոյությունը բավական լուրջ խնդիրներ էին հարուցում բոլոր այն անձանց համար, ովքեր իրենց չէին ծանրաբեռնում խոհափիլիսոփայական մտորումներով և հակված էին միս ուտելու որոշումը պայմանավորել դրա համար փող ունենալ-չունենալով։ Սա բնական է, քանի որ Արիստոտելի և այլ ստոյիկների դետերմինիստական թեզերից բխում էր նաև բնազդները զսպելու մարտավարական գերակայությունը, որն էլ ավելի «դժվարամարսելի» էր մեծամասնության համար, քան սեփական «ես»-ի ու կամքի բացակայությունը գիտակցելը: Կոպիտ ասած՝ մարդիկ գուցեև պատրաստ էին լուռ համաձայնվել փիլիսոփաների բարդ թեզերի հետ, բայց շատ դժվար էր մսից հրաժարվել հանուն ինչ-որ եթերային հոգևոր աճի: Վերջիվերջո, «որոշման» վերածվող մարդու իղձերը ձևավորվում էին՝ օրագնիզմի պահանջմունքներից ու հասարակության ազդեցություններից ելնելով։ Ստոյիկները հասարակության թեկուզ ճնշող, բայց փոքրամանսություն էին, մինչդեռ այդ հասարակության յուրաքանչյուր անդամ ուներ իր սեփական կյանքով և օրակարգով ապրող ստամոքս, և սպիտակուց ստանալն այդ ստամոքսի 3 հիմնական օրակարգային կետերից մեկն էր: Ըստ այդմ, ստամոքսի օրակարգով առաջնորդվող համաքաղաքացիները հակված էին Արիստոտելի լոգիկայի մեջ լոգիկա չտեսնել: Գուցե պատճառն այն էր, որ Արիստոտելի ուղեղն արդեն հասել էր անհրաժեշտ քաշի, իսկ մարդկանց մեծամասնության ուղեղը՝ դեռ ոչ, ու չկար, ցավոք, համակարգիչ և այլ տեխնիկա, որը որոշակիորեն կհավասարեցներ մարդկանց մտավոր կարողությունները:

Այս բնական, նույնիսկ բնազդային ծագում ունեցող խավարամտությանը հակված քաղաքացիները դարձան սոփեստների քաղաքական ամբիցիաների հիմնական թիրախ: Պլատոնը սոփեստներին նկարագրում էր որպես շահամոլ պոպուլիստներ, ովքեր, սեփական ամբիցիաներից ելնելով, բնակչությանը միտումնավոր գցում էին մոլորության մեջ: Հին Հունաստանում սոփեստներին կոչում էին «դեմագոգ», այսինքն՝ բառացիորեն՝ մարդկանց առաջնորդ: Հետագայում «դեմագոգ» բառը դարձավ դատարկախոսության հոմանիշ, ինչը բնական էր, քանի որ դեմագոգիայով զբաղվող սոփեստներն իրականում բովանդակային առումով դատարկ էին: Նրանք, ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հետևողականորեն թիրախավորում էին մարդու «ես»-ը, նրա բնազդները: Լի ստամոքսի խոստումները խարսխված էին փիլիսոփայական անբովանդակության վրա: Բնական է, որ հենց սոփեստներն են համարվում քաղաքական լիբերալիզմի և դեմոկրատիայի նախահայրերը: Իրենց օրոք Աթենքում էականորեն զարգացան ժողովրդավարական ավանդույթները և իրավաբանությունը: Կոպիտ ասած՝ Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը կարող էին հազար անգամ ճիշտ լինել, բայց ժողովուրդն այդ ճշտին նախընտրում էր ստամոքսի ճիչը խրախուսող դեմագոգներին: Սոփեստների հիմնական առաքինություն էր համարվում հռետորաբանությունը, ճարտար լեզուն, էմոցիա հրահրելու արվեստը, ինչն, իհարկե, ուղղակիորեն հակասում էր ստոյիցիզմի դոկտրիններին:

Հին հունական դեմոկրատիաներն էականորեն տարբերվում էին արդիական ժողովրդավարական մոդելներից: Այնտեղ քվեարկելու իրավունք ունեին միան քաղաքացու կարգավիճակ ունեցող, բանակում ծառայած արական սեռի ներկայացուցիչները, որոնք բնակչության մոտ 15%-ն էին կազմում ու չէին գերազանցում 30 հազարը: Սա է, թերևս, պատճառը, որ, անկախ նրանից՝ որ քաղաքական ուղղվածությունն էին թելադրում դեմագոգ կոչեցյալները, փիլիսոփայական միտքն, այնուամենայնիվ, կար, ծաղկում էր ու թելադրվում էր ոչ թե դեմագոգների, այլ գիտակների կողմից: Թե՛ հունական ագրարային հասարակությունները և թե՛ ավելի ուշ ժամանակաշրջանի ֆեոդալական հասարակություններն, ըստ էության, էլիտիստական էին, ինչը թույլ էր տալիս, քաղաքական նպատակահարմարությունն անտեսելով, առնվազն էլիտաների շրջանում տարածել լոգիկայի վրա հիմնված փիլիսոփայությունը, որը ամփոփվում էր դետերմինիզմի սահմաններում: Սա բնական էր, քանի որ էլիտաները շատ ավելի քիչ էին հակված շարժվել ստամոքսային օրակարգով, զուտ, որովհետև իրենց ստամոքսը, ի տարբերություն շարքային մահկանացուների, գրեթե միշտ լիքն էր: Սա նույնպես գիտատեխնիկական բնույթ կրող իրողություն էր․ չկար այն ժամանակ տեխնոլոգիա, որը թույլ կտար էականորեն ավելացնել մեկ հեկտարի բերքատվությունը և կերակրել բոլորին կամ գոնե մեծ մասին: Ըստ այդմ, կուշտ էին միայն էլիտաները, հետևաբար արտաքուստ դեմոկրատիա քարոզող սոփեստները նույնպես հակված էին դետերմինիզմի, քանի որ թե՛ իրենք և թե՛ իրենց թիրախային լսարանը կազմող բնակչության 15%-ը հանդիսանում էին արտոնյալ, ասել է, թե՝ մեծապես կուշտ խավ: Կուշտ մարդն ավանդաբար շատ ավելի մեծ հակում ունի դեպի լոգիկա, քան սովածը, առավել ևս, երբ սոված լինելն ուղեկցվում է ճնշված ու ունեզրկված լինելով: Հավանաբար բնակչության մնացած 85% կազմող կանայք, ստրուկներն ու պլեբեյներն էլ հակված կլինեին դետերմինիզմի և համամարդկային հիմնական չորս առաքինությունների, եթե նրանք լինեին իրավազոր, կուշտ, ապահովված և կիրթ: Ըստ էության, էլիտար 15%-ի առաքինությունն ու դետերմինիզմը հիմնականում հենվում էր ստորին 85%-ի ստորադասման վրա, քանի որ այլ տեխնիկական ելք չկար ընդհուպ մինչև XXI դարը:

Զինվելով Արիստոտելի թեզերով՝ քրիստոնեությունը փորձեց շտկել իրավիճակը և որոշակիորեն համահարթեցնել հասարակությունների շերտերի բևեռացումը: Տոտալիտար դետերմինիզմի ներքո այն քարոզում էր սիրել դիմացինին՝ անկախ իր կարգավիճակից, ցեղից ու նույնիսկ սեռից: Քրիստոնեությունը պահանջում էր լինել ժուժկալ, մասնավորապես՝ ստամոքսի հարցում, և հատուկ կանոնակարգեր էր մտցնում դա պարտադրելու նպատակով: Քանի որ բոլորին կուշտ պահելու տեխնիկական հնարքները դեռ չկային, եկեղեցին որոշեց հավասարություն մտցնել՝ ամեն տարի մոտ մեկ ամիս բոլորին սոված պահելով: Եկեղեցին բոլորին հավասարեցրեց Աստծո առաջ, սկսեց վերաբաշխել կապիտալը, հարկեր գանձեց, փորձեց կերակրել աղքատներին, իսկ կրթությունն ու առողջապահությունը սարքել իրավունք, ոչ թե արտոնություն: Բնականաբար, այդ ամենի ենթատեքստում դատապարտվում էին շահամոլությունն ու սպառողականությունը: Եկեղեցին պահանջում էր զսպել բնազդները և ծառայել մեկ, ոչ նյութական տիրոջը, իսկ մամոնայի ծառաներին անվանեց Հուդա, նրանց հռչակեց կործանված, դատապարտեց ինքնասպանության և իրենց ճակատին «դաջեց» սատանայի թիվը՝ 666: Հենց 666 տաղանդ ոսկի էր տարեկան կուտակում Հուդաների արքա Սողոմոնը, ում տաճարը մուտք գործելով՝ քրիստոնյաների առաջնորդը շուռ տվեց վաշխառուների և առևտրականների սեղանները:

Հպարտությունը, ասել է, թե՝ եսասիրությունը, հռչակվեց համար մեկ մահացու մեղք: Մահացու մեղքեր էին համարվում նաև նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը և բղջախոհությունը: Ի տարբերություն միապետների ուսուցիչ ու խորհրդականներ հանդիսացող հույն փիլիսոփաների՝ Քրիստոսի աշակերտներին հաջողվեց ստորադասել իշխաններին և որոշակի առումով ստանձնել պետության գործառույթները ու շահամոլ կոչեցյալների հաշվին ինչ-որ չափով մեղմել հասարակության բևեռվածությունը:

Իշխանությունը այսուհետ ոչ թե զավթվում էր բռնի ուժով կամ ընտրվում դեմագոգ կոչեցյալների հռետորաբանության շնորհիվ, այլ օծվում էր Աստծո կողմից իր աշակերտների միջնորդությամբ: Վերոհիշյալ սոցիալիստական օրակարգի շնորհիվ եկեղեցուն հաջողվեց խլել կանանց, ստրուկներին և հանրության այլ ստորադասված շերտերին իրենց շահագործող նյութապաշտների ու դեմագոգների ձեռքից: Ըստ այդմ, համապատասխան նկրտումներ ունեցող դեմագոգը կա՛մ պիտի դառնար եկեղեցական, հրաժարվեր աշխարհիկ հաճույքներից ու քարոզեր Աստծո հականյութապաշտական խոսքը, կա՛մ դուրս մնար քաղաքական պայքարից: Այս հիերարխիկ ձևափոխություններն, անշուշտ, հարուցեցին համապատասխան էլիտար շրջանակների զայրույթը, նրանք անշուշտ կուշտ էին, բայց շատ ցավագին էին տանում սեփական «ես»-ի ստորադասումը բարձրյալի կամքին: Այս քաղաքական վերաձևումը հնարավոր դարձավ Քրիստոսի և իր աշակերտների հմուտ կադրային քաղաքականության և գիտատեխնիկական առաջընթացի, մասնավորապես՝ գրենական պիտույքների արտադրության զարգացման շնորհիվ: Աստծո խոսքը տրվեց գրքին և տարածվեց: Քարոզչական աշխատանքն ընդլայնվեց, ու եթե Սոկրատեսի աշակերտները լույս էին սփռում մի քանի տասնյակ հազար հույների վրա, ապա Քրիստոսի աշակերտները դետերմինիզմի լույսը հասցրին մի քանի տասնյակ միլիոն մարդու ու աստիճանաբար գրավեցին գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհը:

Կառավարչական և, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների թերզարգացվածության պատճառով եկեղեցին ժամանակի ընթացքում դարձավ բազմաթիվ ինստիտուցիոնալ ճգնաժամների առարկա, որոնցից երեքը ճակատագրական պառակտում մտցրին Աստծո տան մեջ: Քրիստոնեության աճող աշխարհագրությունը՝ մի կողմից, հետևորդների քանակը՝ մյուս կողմից, և հասարակության ու այդ թվում նաև եկեղեցու մեջ սողոսկած ծպտյալ ազատականների ջանքերի շնորհիվ եկեղեցին սկսեց քայքայվել: Պառակտումն ուներ երեք հիմնական փուլ և օբսկուրանտիզմի հմուտ և շատ արդյունավետ կիրառման առաջին, լայնորեն լուսաբանված օրինակն էր: Այլ համակարգերում նախորդ նմանատիպ ճգնաժամերի արձանագրություններ չեն պահպանվել ոչ Եգիպտոսից, ոչ էլ Հունաստանից:

#հայկական_էկոհամակարգ

Առաջին, երկրորդ և երրորդ մասերը կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝ Սահմանադրական կարգի տապալման մասին. մաս 1-ին, Սահմանադրական կարգի տապալումը. մաս 2-րդՍահմանադրական կարգի տապալումը. մաս 3-րդ (խմբ․)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել