168.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին քննարկվող պարգևավճարների թեմային, ասաց, որ նախ՝ գործող իշխանության կողմից ներդրված պարգևավճարների ինստիտուտը զավեշտալի է.

«Պետք է յուրաքանչյուրն իրեն հաշիվ տա, թե իրենց ո՞ր կատարած աշխատանքի համար են այդ պարգևավճարները ստանում. խորհրդարանական դիվանագիտության զարգացման համա՞ր՝ թող բերեն օրինակներ, թե ինչ հաջողություններ են ունեցել միջազգային հարթակներում, թե՞ ներքաղաքական իրավիճակի կարգավորման գործում կամ ընդունած օրենքների համար։ Այն Ազգային ժողովը, որը ներկայումս ունենք, պարզապես պառլամենտական ստանդարտներին չի համապատասխանում և պարզապես զավեշտի է վերածվում։ Ես դեռ միայն ԱԺ-ի մասին եմ խոսում, բայց նույնը կարող եմ ասել նաև կառավարության մասին։ Երբ նրանք հանգում էին այդ պարգևավճարների որոշմանը, պետք է պարտքի զգացում ունենային՝ երկրի, պետության նկատմամբ այնքան պարտավորվածություն, որ ի սկզբանե հրաժարվեին դրանից»։

Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նախկինում ծրարներով են բաժանվել այդ պարգևավճարները, Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց.

«Դուք կարող եք նայել տարեգրությունը՝ ես շուրջ 2 տարի եղել եմ պատգամավոր և երբևէ նման պարգևավճարից չեմ օգտվել։ Եվ եթե տարին մեկ անգամ գոնե առաջարկություն էր լինում, 50-60 տոկոսը հրաժարվում էին։ Իսկ այդ ծրարների միֆը, որն առաջ են քաշում, պարզապես աբսուրդ է։ Դուք կարող եք նայել, որ նման դեպքերի ժամանակ (դա կլինեին ապրիլյան դեպքերը, զինվորների 1000-ական դրամների հաշվի բացումը) քանի պատգամավոր է ինքնակամ նվիրաբերել իր աշխատավարձից, և նույնիսկ անհարմար են զգացել, որ մամուլում որևէ տող դրա մասին գրվի։ Եթե մարդը կատարում է իր պարտականությունը իր զինվորի, իր պետության նկատմամբ և դա սկսում է մամուլով թմբկահարել, դա արդեն վերածվում է քաղաքական շոուի»։

Վահրամ Բաղդասարյանը նկատեց՝ գործող իշխանության ներկայացուցիչներն անարդյունք աշխատանքի համար պարգևավճար են ստանում, մեկ ամիս զիջում են և թմբկահարում դրա մասին, որ մեծ գործ են կատարում.

«Դա պարզապես ամոթ է, և կոչ եմ անում թե՛ ԱԺ այսօրվա պատգամավորներին, թե՛ կառավարության անդամներին՝ ինքնակամ հրաժարվել այդ ինստիտուտից, ամոթ է նման էժանագին շոուներով քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելը»։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մասնագետ կատարում է իր պարտականությունը, և բոլորի համար էլ իրենց աշխատավարձերը քիչ են. «Մանկավարժի կատարած աշխատանքն ինչո՞վ է պակաս նախարարի կատարած աշխատանքից, կամ դպրոցի տնօրենինը, և ընդհանրապես, բոլորինը։ Այսինքն՝ եթե ամբողջ երկրում նմանատիպ իրավիճակ է, միայն նախարարներն ու պատգամավորնե՞րը պետք է այդ արտոնյալ պայմաններից օգտվեն, և միայն նրա՞նք են իրենց աշխատանքը կատարում, այդ պատասխանատվությունը միայն նրա՞նց մոտ է մեծ։ Յուրաքանչյուր մարդ, որը պարտավորվածություն է զգում իր երկրի, իր պետության հանդեպ, իր իսկ կատարած աշխատանքի պատասխանատվությունը բավականին բարձր է, իսկ անպատասխանատու մարդիկ միշտ մնում են անպատասխանատու՝ ցանկացած ոլորտում։ Թող ամեն մեկն իր գործը գերբնական չգնահատի, և գնահատականն իրենք չէ, որ պետք է տան, հասարակությունը պետք է նրանց աշխատանքի գնահատականը տա»։

Հիշեցնենք, որ օրերս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին, ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն՝ գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը: Գրառման տակ քննարկում էր ծավալվել, որին միացել էին նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը:

«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,- գրել է Լենա Նազարյանը։

Պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանի մեկնաբանությանը՝ Լենա Նազարյանը գրել է. «Դե բնականաբար, հո իրենց չի՞ անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկը չի անի դա ու չպիտի անի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել