Մարդաբանական պարադոքս է. մարդկային պատմության մեջ ամենահաջողված ու ամենա երկարակյաց ստրկատիրական համակարգը կառուցվել է մարդու ազատ կամքի գոյության և գերակայության թեզի վրա: Թեպետ «ազատ կամք» ընդդեմ «դետերմինիզմի» գաղափարախոսական մարտերը փիլիսոփաների միջև ընթացել են հարյուրավոր տարիներ: Մինչև XII-րդ դարը գերիշխող դոգմա էր համարվում, մարդկանց ճակատագրապաշտության մեջ արտացոլված, դետերմինիստական մոտեցումը: XII-րդ դարից ի վեր ազատ կամքի գոյության և գերակայության քարոզչությունն աստիճանաբար դարձավ մեյնստրիմ և մինչ օրս հենց այդ գիծն է հանդիսանում մարդկության մեծ մասին ուղղորդող փիլիսոփայական դոկտրին: Այս դոկտրինի փիլիսոփայական հենարանը հանդիսացավ ազատականությունը (լիբերալիզմը), դավանաբանական հենարան դարձավ բողոքականությունը, տնտեսագիտական հենարանը կապիտալիզմն էր, քաղաքագիտական հենարանը դեմոկրատիան էր, մշակութային հենարան դարձավ սպառողականությունը, որն աստիճանաբար վերածվեց պոստմոդերնիզմի, իսկ այդ ամենը սպասարկող տեղեկատվական մարտավարություն հռչակվեց օբսկուրանտիզմը:

Ազատականության երկու գլխավոր թեզերն են՝ մարդը կենդանիներից առանձնանում է ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ և այդ որոշումները ռացիոնալ են և առաջին հերթին բխում են տվյալ անձի բարեկեցության գերակայությունից: Բողոքականներն այս թեզերի հիման վրա մշակեցին մարդու երջանկության բանաձևը, որը կայանում էր, որոշում կայացնելու իրավունքը շահագործելով, սեփականություն կուտակելու մեջ: Կապիտալիզմը միտված էր արդարացնել այն թեզը, որ սահմանափակ ռեսուրսների առավել արդյունավետ շահագործումը կարելի է ապահովել միայն մասնավոր սեփականատիրության և համընդհանուր մրցակցության պայմաններում: Դեմոկրատիան միտված էր ստեղծել հաստատություններ, որոնք ազատ կամքի արտահայտման միջոցով կոչված են պաշտպանել մասնավոր սեփականության իրավունքը: Սպառողականության քարոզի նպատակն էր հիմնավորել, որ մարդու երջանկության գաղտնիքը կայանում է, ապրանքներ և ծառայություններ սպառելու միջոցով, այլոց հանդեպ սեփական գերակայությունն ընդգծելու եսասիրական ձգտման մեջ: Այս ամենը միավորող տեղեկատվական գաղափարախոսություն դարձավ օբսկուրանտիզմը, որը միտված էր արդարացնել ազատականության, բողոքականության, կապիտալիզմի, դեմոկրատիայի ու սպառողականության արդարացիությունը: Հատկանշական է, որ մի արժեքային սանդուղք հանդիսացող այս համակարգի արդարացմամբ պիտի զբաղվեր՝ ցանկացած դիսկուրս միտումնավոր փակուղի մտցնելու արվեստ համարվող օբսկուրանտիզմը, որի հենց անվանումը նշանակում է միտումնավոր մոլորեցում:

Վերոհիշյալ օբսկուրանտիզմի անհրաժեշտությունն առաջացավ, որովհետև իրականում օբյեկտիվ իրականության մեջ կեղծ էին ազատականություն, բողոքականություն, կապիտալիզմ, դեմոկրատիա, սպառողականություն ու պոստմոդերնիզմ քարոզող բոլոր թեզերը: Ոչ թե թերի էին կամ վիճարկելի, այլ պարզապես սուտ էին, շինծու էին: XXI-րդ դարում սա առավել ակներև դարձավ գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ: Եթե ժամանակին փիլիսոփաները ճշմարտությունը փնտրելիս ստիպված էին ապավինել ինքնադիտարկմանը և դեդուկցիային, ապա այսօր այդ նույն նպատակին հասնելու համար արդեն կարելի է շահագործել, ի թիվս բազմաթիվ այլ սարքավորումների, օրինակ, մարդու ուղեղի աշխատանքը նկարագրող մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ): Ցավոք Արիստոտելը ՄՌՏ չուներ, այլապես ստիպված չէր լինի իր կյանքը նվիրել դետերմինիզմը և հոգու հավերժությունը հիմնավորող տրակտատների մշակմանը: Դրա փոխարեն նա պարզապես շատ մատչելի կերպով ցուց կտար, որ մարդու օրագանիզմի մեջ տեղի ունեցող պրոցեսների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի կառավարվում մարդու կողմից, այլ մարդն առհասարակ դրանց մասին տեղյակ էլ չէ:

Չէր կարող Արիստոտելը մատչելիորեն ցույց տալ, թե ինչպես է մարդու ուղեղը զգայարաններից ստանում համապատասխան ազդանշաններ ու մարդու գիտակցությունից անկախ որոշումներ կայացնում: Չէր կարող Արիստոտելը ցույց տալ, թե ինչպես է մարդու իմունային համակարգը մարդու գիտակցությունից անկախ պայքարում վնասակար բակտերիաների ու վիրուսների դեմ, կամ ինչպես են թոքերը թթվածինը կլանում: Չէր կարող նա հանրամատչելի կերպով ցույց տալ, որ մարդն իր օրգանիզմին վերաբերվող որևէ որոշում ինքնուրույն չի կայացնում, որ հենց օրգանիզմն է մարդու փոխարեն բոլոր որոշումները կայացնում և, որ մեր օրգանիզմը կազմված է յուրաքանչյուրն իր կյանքով ապրող 37 տրիլիոն բջիջներից:

Այնուամենայնիվ, անկախ գիտակրթական բացերից, 2,5 հազար տարի առաջ արդեն ակնհայտ էր, որ մարդու միտքն իրեն չի ենթարկվում: Ակնհայտ էր, որ մարդը չի կարող որոշել միտք չունենալ, հնարավոր չէ որոշել գոնե 5 վայրկյան որևէ միտք չունենալ ու այդ որոշումը կյանքի կոչել: Ակնհայտ էր նաև, որ այն մտքերը, որը մարդն անխուսափելիորեն ունենում է, առաջանում են արտաքին և ներքին տրիլիոնավոր ազդեցությունների փնջից: Այդպես, խորոված միս ուտելու որոշում «կայացրած» մարդն իրականում հնազանդորեն կատարում է իր օրգանիզմի սպիտակուց ընդունելու պահանջը, իսկ սպառվելիք մսի տեսակը որոշելիս նա նույնքան ակամայից և հաճախ անգիտակցաբար վերհիշում է, ի թիվս բազմաթիվ այլ արտաքին ազդեցությունների, օրինակ, դիետաների մասին տարատեսակ աղբյուրներից հնչող ինֆորմացիան: Այսինքն, արդեն 2,5 հազար տարի առաջ ակնհայտ էր, որ մարդը չի կարող որոշել որևէ բան չանել, ոչ էլ կարող է որոշել որևէ բան անել:

Մարդու բոլոր որոշումները կանխորոշված են, այսինքն, դետերմինացված են՝ նախկինում տեղի ունեցած բոլոր իրադարձություններով: Ընդ որում, կարևոր է նշել, որ խոսքը գնում է, ոչ թե հենց տվյալ մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, այլ առհասարակ աշխարհի պատմության ողջ ընթացքում տեղի ունեցածի մասին: Մարդն ընդամենն այս 8 միլիարդ բնակչություն ունեցող մոլորակում 37 տրիլիոն բջիջից կազմված օրգանիզմ է, որի որոշում կայացնելու հնարավորությունը, այսինքն ազատականության մակարդակը, ոչ ավել է ոչ էլ պակաս իր տան բակում աճող ծառից: Հետևաբար մարդու եսը փաստացի գոյություն չունի, այն մտացածին է, այն մոլորության արդյունք է, ինչպես ժամանակին մարդիկ մոլորության մեջ մտածում էին, որ անձրևի գալ, չգալը կախված է համապատասխան աստծուն զոհաբերություն մատուցելու հետ: Մարդն, ըստ էության, ընդամենը փոքրիկ մասնիկ է այն էկոհամակարգի, որը գոյություն ունի անհիշելի ժամանակներից, ու որտեղ բոլոր բջիջները, մոլեկուլներն ու էլեկտրոնները իրար հետ փոխկապակցված են, և սա բնագիտական փաստ է: Մարդիկ շփոթում են եսի կամ կամքի գոյությունը գիտակցության հետ: Իրականում մենք ոչ ավելի ազատական ենք, որքան ծառը, բայց ի տարբերություն ծառի ու բոլոր մնացած օրգանիզմների մենք դա կարող ենք գիտակցել: Թեպետ իհարկե ոչ բոլոր մարդիկ են այդ հնարավորությունից օգտվում:

Փաստացի բոլոր մնացած օրգազնիմներից մեզ տարբերակում է ոչ թե ազատ կամքի գոյությունը, այլ դրա գոյություն չունենալու գիտակցությունը: Մարդ է նա, ով դա գիտակցում է, իսկ ով դա չի գիտակցում, դեռ մարդ չի դարձել, նա դեռևս կենդանի է՝ խոսացող, խելացի կենդանի: Ընդ որում, այս գիտակցությունն էլ առաջացել է, քանի որ միայն մարդն էր այն ընտրյալ տեսակը, որի համար կանխորոշված էր մոտ կես միլիոն տարի առաջ սանձել կրակը, խորովել միս և դրա հետևանքով զարգացնել սեփական գոյության գիտակցություն: Բուն միսն ուտելու որոշումը, ինչպես կես միլիոն տարի առաջ, այդպես էլ հիմա, մարդը չի կայացնում, այդ «որոշումը» կանխորոշված է մեր բնազդներով և արտաքին գործոններով: Մեր օրգանիզմը մեզ հուշել, պարտադրել է խորովել միսը, քանի որ խորոված վիճակում միսը մարսելու վրա մի քանի անգամ ավելի քիչ էներգիա է ծախսվում, քան հում միսը մարսելու վրա: Սրա արդյունքում գոյացած էներգիայի ավելցուկն էլ հենց նպաստեց մեր ստամոքսների չափի կտրուկ կրճատմանը և ուղեղի քաշի կտրուկ ավելացմանը: Չլիներ խորոված միսը, մեր ուղեղն այսօրվա 1,4 կիլոգրամի փոխարեն կկշռեր մոտ կես կիլո ու չէր գիտակցի սեփական գոյությունը: Ավելին, որոշ մարդաբաններ պնդում են, որ XXրդ դարում մսից ու առհասարակ կենդանական ծագում ունեցող սպիտակուցից հրաժարվելու տենդենցը ոչ թե զուտ մոդայիկ բնույթ է կրում, այլ հանդիսանում է ուղեղի ենթագիտակցական որոշում և պայմանավորված է նրանով, որ մարդկանց գոյատևման համար այլևս անհրաժեշտ չէ հզոր ուղեղ, որի գործողությունների մեծ մասի մասին ուղեղի «կրիչը» տեղյակ էլ թէ: Մարդու փոխարեն այդ գործառույթները հիմա սկսում են կատարել տարատեսակ «խելացի» սարքավորումներ:

#հայկական_էկոհամակարգ

Առաջին և երկրորդ մասերը կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝ Սահմանադրական կարգի տապալման մասին. մաս 1-ին, Սահմանադրական կարգի տապալումը. մաս 2-րդ (խմբ․)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել