«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ:

Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորանվիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները: Թեեւ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա նշեց. «Դեռ որեւէ որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը՝ մինչ սահմանված ժամկետի ավարտը, նոր որոշում կլինի»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել