168.am-ը գրում է․

«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին՝ Հայաստանի համար գազի գնի վերանայման առաջարկով։ Սրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ հայկական կողմի՝ քննարկվել էր գազի գինը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելիս հույս հայտնեց, որ ՌԴ նախագահը կմիջամտի այդ հարցին։ Նա նաև բարձրացրեց  այս առևտրում դեդոլարիզացիայի հարցը։

Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ գազի սակագների հարցը Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների միչև հավերժ քննարկվող հարց է լինելու, քանի դեռ ԵԱՏՄ-ում չի ձևավորվել ընդհանուր էներգետիկ շուկան, որը մեկընդմիշտ կլուծի այս հարցը թե’ Բելառուսի, և թե’ Հայաստանի դեպքում։ Մալաշենկոն վստահություն հայտնեց, որ նախանշված ժամկետից այս գործընթացը չի ուշանա, թեև, նրա խոսքով՝ այն այդքան էլ հեշտ չէ կազմակերպելն անընդհատ փոփոխվող աշխարհում։

«Սա այն հարցն է, որ բոլոր երկրներն էլ իրենց շահերն են հետապնդում  և փորձում օգուտներ ստանալ համաշխարհային բոլոր միտումներից, որոնք վերջին շրջանում ի նպաստ ռուսական տնտեսության չեն։ Այս իրավիճակում նվազեցման հայտի բավարարումը քիչ հավանական եմ համարում։ Ռուսաստանը, ինչպես գիտեն բոլորը, հակված է երկարաժամկետ և վերջնական լուծում տալ իր գործընկերների մտահոգություններին, որոնք պայմանավորված են տնտեսական հնարավորություններով։ Սակայն Ռուսաստանի հնարավորությունները ևս անսահմանափակ չեն։ Եթե հայտ կա, ապա միանշանակորեն կլինեն բանակցություններ և վստահաբար կլինի հիմնավորված որոշում։ Իմ անձնական կարծիքն  այն է, որ անկայուն շուկայի պարագայում թե’ Ռուսաստանի, և թե’ գործընկերների կողմից սխալ դիրքորոշում կլինի որևէ փոփոխություն իրականացնել այս անկայուն փուլում։

Չեմ կարծում, թե գնաճ կլինի, բայց նվազում էլ, ըստ իս, դժվար թե լինի։ Սա բարդ ժամանակահատված է  նաև նման բանակցությունների համար, Ռուսաստանը, որը  կենտրոնացած էր սահմանադրական փոփոխությունների վրա ներքին խնդիրները լուծելու նպատակով, կլանված էր ներքաղաքական օրակարգով, այսօր լուծում է այլ խնդիրներ, ինչպես մյուս բոլոր երկրները՝ կորոնավիրուսի դեմ պայքար նավթի համաշխարհային գնանկման ֆոնին։ Այսինքն՝ մի քանի մարտահրավեր մեկտեղվել են Ռուսաստանի համար»,- այսպես ներկայացրեց իրավիճակը Մալաշենկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել