Մամուլն այսօր գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ։

Վարչապետի նախկին խորհրդականի կինը՝ Զարուհի Մուրադյանը, գրել է․

«Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից և մոտիկից ստանում եմ այս օրերին՝ ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում, սակայն լուռ են և անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են․․․ Երևի արդեն նախկին ընկերները։ Նաև լուռ է և ցուցադրական անտարբեր է «Ազատություն» ռադիոկայանը, որտեղ, թվում էր, նույնպես համախոհներ և ընկերներ ունեի։ Նրանք նույնիսկ պաշտոնական լուրը չհրապարակեցին։ Հա, մոռացել էի․ իրենք միայն ՏՌ-ից (Տաթևիկ Ռևազյան - խմբ․) են հարցազրույցներ վերցնում և ֆեյսբուքյան ասուլիսներ անում, մեկ էլ «Ռայանէյր» գովազդում։

5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այսօր մեզ չեն մոռացել և արհամարհել․․․ Աշխարհը կլոր է, և երբեմն դու հայտնվում ես այն մարդու կարգավիճակում, ում դժվար պահին արհամարհեցիր։ Ես ու իմ ընտանիքը միշտ եղել ենք այն մարդկանց կողքին, ովքեր ճնշումների են ենթարկվել ռեժիմների կողմից, հիմա ինձ համար հերթական լյուստրացիայի պահն է։ Լավ եղեք․․․»։

Քիչ առաջ Զարուհի Մուրադյանն իր հրապարակման մեկնաբանություններում տեղեկացրեց, որ ամուսնու հետ արդեն տան ճանապարհին են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել